Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Սոչիում կայացած հանդիպումից հետո տված հարցազրույցում ցույց տվեց, որ ինքը պետական գործիչ է, ով մտահոգված է ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլ ամբողջ տարածաշրջանի անվտանգության խնդիրներով:

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ խոսելով ՀՀ Նախագահի հարցազրույցում հնչած կարևոր ուղերձների մասին: «Առաջին կարևոր ուղերձն այն էր, որ մենք այդ հարցազրույցի ընթացքում տեսանք երկրի ղեկավար, ով մտահոգված է տարածաշրջանի կայուն զարգացման հեռանկարներով, ինչը շատ կարևոր է»,- նշեց Հարությունյանը:

 

Երկրորդ կարևոր ուղերձը, ըստ պատգամավորի, նախագահի բանաձևումներն էին՝ կապված հայ-ադրբեջանական ռազմական մրցակցության գնահատականների հետ կապված: «Մասնավորապես, խոսքն այն մասին է, որ այստեղ սպառազինության ծավալները չէ, որ կարևոր են: Կարևոր է մարտական գործողությունների պլանավորումը, կազմակերպումը, մարտական ոգու ամրապնդումը, և այս առումով, ինչպես նախագահը արդարացիորեն փաստեց, վերջին զարգացումները թեպետ մեզ համար տխրելու հիմք հանդիսացան, սակայն ցույց տվեց, որ հայ զինվորը, հայոց բանակը, Արցախի պաշտպանության բանակը գտնվում է բարձր մակարդակի վրա:

 

Եվ ինչպես նախագահը բանաձևեց, վիրտուալ խաղերի ոգով պլանավորել ռեալ ռազմական գործողությունները՝ արկածախնդրություն է և ոչ ավելին»,- նշեց Հարությունյանը:

 

Պատգամավորի խոսքով՝ դիպուկ էր նաև հանրապետության նախագահի գնահատականը ներկա փուլում հակառակորդի մարտավարության ձևակերպման առումով: Նախագահը շարադրել է Ադրբեջանի նախագահի վարած քաղաքականության երեք հիմնական նպատակ, որոնք տարածաշրջանային կայուն զարգացման հեռանկարների հետ որևէ առնչություն չունեն:

 

«Ավելին, ես կարծում եմ ժամանակն է փաստել, որ Ադրբեջանը զբաղվում է ահաբեկչությամբ, վարում է ահաբեկչական քաղաքականություն: Ընդ որում, նրա վարած այդ տեռորիստական քաղաքականության թիրախը ոչ միայն հայությունն ու Լեռնային Ղարաբաղն է, այ լ նաեւ միջազգային հանրությունը: Նա տեռորի է ենթարկում միջազգային հանրությանը, և սա շատ էական է, և ժամանակն է փաստել, որ մենք գործ ունենք տեռորիստական պետության հետ: Նախագահն ըստ էության դա չասաց, սակայն տողատակում կարելի էր գտնել այս միտքը, գոնե ես այդպես եմ ընկալում»,- նշեց նա:

 

Հարությունյանը կարևորում է նաև ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի համագործակցության վերաբերյալ նախագահի դիտարկումը: Նրա խոսքով' որպես կանոն ՀԱՊԿ կանոնադրությամբ ՀԱՊԿ անդամ պետություններն իրենց սպառնացող ռազմական սպառնալիքի դեպքում պետք է դիմեն ղեկավարությանը ռազմական աջակցություն ստանալու համար:

 

«Եվ հենց միայն այն, որ նախագահը փաստում է, որ դրա անհրաժեշտությունը բացարձակապես գոյություն չունի, արդեն խոսում է այն մասին, որ Հայաստանը բավականին վստահ է իր ռազմական կարողությունների և ագրեսորին իր տեղը նստեցնելու հնարավորությունների հարցում,- նշեց նա:

 

Շատ կարևոր է նաև Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը ԼՂ հակամարտությամբ չպայմանավորելու հանգամանքը: Հարությունյանն ընդգծում է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին ՀՀ Նախագահը հանգամանորեն խոսել է նույնիսկ Ռուսաստանի նկատմամբ տնտեսական սանկցիաների կիրառման կոնտեքստում, սակայն ԼՂ հակամարտության համատեքստում ակնարկ անգամ չարեց:

 

Նույնիսկ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հստակ հայտարարեց, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը չի խանգարելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Հետևաբար, ադրբեջանական կողմի ձգտումը' այդ կերպ խանգարել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը , որևէ հեռանկար չունի»,- ասաց պատգամավորը:

 

Հարությունյանը նաև մեծ կարևորություն է տալիս ՀՀ Նախագահի այն խոսքերին, որ բոլոր դեպքերում պետք է վստահել սեփական ուժերին: «Սա նախագահի ամենակարևոր ուղերձներից մեկն է՝ հույսը դնել սեփական ուժի, սեփական կարողությունների վրա»,- ասաց Խոսրով Հարությունյանը:

 

Նա ընդգծեց, որ նախագահի հարցազրույցի ընթացքում բոլորը տեսան շատ խոհեմ, միաժամանակ հեռուն տեսնելու ունակ քաղաքական և պետական գործչի, գործիչ, ով կարող է համարվել տարածաշրջանային լիդեր և միջազգային ասպարեզում դիտվում է որպես վստահելի գործընկեր:

 

ՀՀ Նախագահը Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո ծավալուն հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերությանը, որում անդրադարձել է հանրությանը հուզող բազմաթիվ հարցերի: