Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Ադրբեջանում ներիշխանական գլխավոր խմբավորումների միջև պայքարը սկսել է սրվել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլիգ»-ին հասած տեղեկություններով՝ Եվրոպական խաղերից հետո կամավորականների անցկացրած շքերթը եղել է «անշուք և անհաջող», քանի որ միջոցառմանը լուրջ աջակցություն չեն ցուցաբերել իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը (ԵԱԿ) և նախագահի աշխատակազմը:

 

Ըստ պնդումների՝ հարցի հիմքում դարձյալ իշխանության մեջ երկու գլխավոր խմբավորումների՝ Փաշաևների (Ադրբեջանի առաջին տիկնոջ հայրական կողմ) և նախիջևանյան կլանի (Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևի) միջև վերսկսված լարվածությունն է:

 

Թերթը նշում է, որ Բաքվում Եվրոպական խաղերի անցկացումը հանձնարարվել էր հենց Փաշաևների կլանին, որն էլ կատարել էր խաղերը պրոպագանդելու աշխատանքները: Խաղերի ավարտից հետո կամավորների շքերթի անցկացումը պետք է լիներ այդ պրոպագանդայի գագաթնակետը: Սպասվում էր, որ շքերթին պետք է մասնակցեր նաև Իլհամ Ալիևը: Սակայն միջոցառման անհաջողության մատնվելու պատճառով Ալիևի մասնակցությունը դրան նպատակահարմար չի համարվել:

 

«Ամենայն հավանականությամբ, միջոցառմանը ԵԱԿ-ի և նախագահի աշխատակազմի անտարբեր վերաբերմունքի պատճառն այն է, որ դրա նախօերին ԵԱԿ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջարկել էր կուսակցության կողմից պատգամավորության թեկնածու առաջադրել Իլհամ Ալիևի դստերը' Լեյլա Ալիևային, ինչը վերջինիս կողմից մերժվել էր: Այդ առաջարկը գնահատվում էր որպես Նախիջևանյան խմբավորման կողմից Փաշաևներին արված ժեստ, սակայն, հակառակ կողմն այդ ժեստը չգնահատեց»,- հայտնում է թերթը:

 

Եվրոպական խաղերի ավարտին նվիրված կամավորականների շքերթի ժամանակ Ադրբեջանի տասնյակ դրոշներ հայտնվել են գետնին նետված և կոխկրտված վիճակում: Ոտքերով տրորված դրոշների լուսանկարներն ակտիվ քննարկումների պատճառ էին դարձել սոցցանցերում: Լուսանկարներում լավ երևում էր, թե ինչպես Եվրոպական խաղերի որոշ կամավորականներ, դեն նետելով Ադրբեջանի դրոշները, կոխկրտել են և պարել դրանց վրա: