Պատգամավոր եղած տարիներին Նիկոլ Փաշինյանը մշտապես աչքի էր ընկնում ՀՀ շարքային քաղաքացիներին հուզող հարցերի բարձրաձայնմամբ: Պատգամավոր Փաշինյանը, կարելի է ասել, ԱԺ-ում ներկայացնում էր օրավարձով ապրող քաղաքացիների շահերը, այն քաղաքացիների, ովքեր մի կերպ են ծայրը-ծայրին հասցնում: Երկու տարի առաջ այդ նույն օրավարձով աշխատող մարդիկ Փաշինյանին բերեցին իշխանության՝ վստահ լինելով, որ վերջինիս մոտեցումները, սկզբունքներն այդ շարքային քաղաքացիների խնդիրների հանդեպ չեն փոխվելու:

 

Սակայն, երեկ ԱԺ-ում Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում օրավարձով աշխատող մարդիկ չկան, իսկ ընդդիմության պահանջները՝ օգնել, աջակցել այսօր բախտի քմահաճույքին մատնված քաղաքացիներին «ձեռ առնոցի» է և պոպուլիզմ, քանի որ պետությունը չի կարող «աջ ու ձախ փող բաժանել»: Իսկ ինչո՞վ էր ժամանակին Փաշինյանը վստահ, որ պետությունը կարող է: Նույն Փաշինյանն էր, որ ՀՀԿ-ից պահանջում էր ներել գյուղատնտեսական վարկերը, նվազագույն աշխատավարձը սահմանել 72500 դրամ, ՊԵԿ նախագահին առաջարկում էր բիզնեսը «քերելու» փոխարեն՝ վաճառել սեփական տունը, նվազեցնել հողի հարկը, ֆինանսապես օժանդակել սահմանապահ գյուղերի բնակիչներին, ՓՄՁ-ի համար հարկային արձակուրդներ սահմանել:

Այդ նույն առաջարկներն այսօր՝ արտակարգ դրության պայմաններում, Փաշինյանին թվում են պոպուլիստական և անլուրջ: Անգամ հեղափոխությունից երկու տարի անց վարչապետը հայտարարում է, որ կառավարությունը կկարողանա օգնել քաղաքացիներին, երբ կոպեկ առ կոպեկ կվերադարձնի թալանվածը: Փաստացի, Փաշինյանը փորձում է համոզել, որ երկիրը թալանել են, քաղաքացիներին օգնելու համար բյուջեում պարզապես գումար չկա: Մինչդեռ այդ թալանի փաստը մինչ օրս այդպես էլ ապացուցված չէ, իսկ «թալանված» 8 միլիարդի վերադարձի մասին խոսք անգամ չի գնում: Մնում է հասկանալ՝ ե՞րբ էր պոպուլիզմով զբաղված Փաշինյանը. որպես պատգամավո՞ր, երբ իշխանություններից պահանջում էր համատարած մարել բոլորի վարկերը, թե՞ որպես վարչապետ, երբ պնդում է , որ թալանը կոպեկ առ կոպեկ հետ բերելուց հետո միայն կկարողանա աջակցել իրեն իշխանության բերած, օրավարձով ապրող քաղաքացիներին…