Համաշխարհային շուկայում նավթի գնի շարունակական անկման խնդիրն այնքան է անհանգստացրել Ադրբեջանի իշխանություններին, որ այն քննարկվել է նաեւ այդ երկրի խորհրդարանում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, moderator.az-ի այն հարցին, թե նավթային եկամուտների նվազեցումը կարող է ներիշխանական լարվածության պատճառ դառնալ, «Ադրբեջանի Ժողովրդական ճակատ» կուսակցության փոխնախագահ Գյուզալ Բայրամլըն ասել է, որ նավթային եկամուտների նվազեցումը հասարակության մեջ սոցիալ-տնտեսական լարվածության աճի հետ մեկտեղ մեծացնելու է նաեւ ներիշխանական լարվածությունը:

 

«Վերջին տարիներին նավթից ստացվող 109 մլրդ դոլար միջոցներից այսօր Նավթի հիմնադրամում ընդամենը 37 մլրդ դոլար է մնացել: Նավթի հիմնադարմի միջոցների մեծ մասը ծախսվել է տարբեր շինարարական նախագծերի եւ անիմաստ միջոցառումների վրա:

 

Վերջին 9 ամիսներին Նավթի հիմնադրամ մտած մոտ 30 մլրդ դոլար միջոցների 90 տոկոսն արդեն ծախսվել է: Փորձագետների կարծիքով' եկող տարի նավթի մեկ բարելի գինը 90 դոլարից ցածր է լինելու: Իսկ դա նշանակում է, որ 2015 թվականին Նավթի հիմնադրամը բավականաչափ փոքրանալու է: Կառավարությունը երբեք էլ հետաքրքրված չի նեղել սոցիալական նախագ ծեր իրականացնելու հարցում, դա չի լինելու նաեւ այսուհետեւ, քանի որ կառավարության համար շինարարական նախագծերը գերադասելի են. այդտեղ կոռուպցիոն հնարավորություններն ավելի շատ են:

 

Նավթի գնի անկումը լուրջ սոցիալ-տնտեսական լարվածություն է առաջացնելու Ադրբեջանում: Իշխանության մեջ առկա լարվածությունն ավելի է խորանալու: Մի խոսքով, նավթի ճգնաժամը եւ տարիներ շարունակ տարվող անխոհեմ քաղաքականությունն Ադրբեջանին արագորեն մոտեցնելու է սոցիալ-տնտեսական ճգնաժամի»,- նշել է ադրբեջանցի քաղաքական գործիչը: