ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հուլիսի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հեռախոսային զրույցում դատապարտել է օրերս Սիրիայի հետ սահմանակից Թուրքիայի քրդաբնակ Սուրուչ եւ Ուրֆա քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, որոնց հետեւանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել, այդ թվում' երկու ոստիկան:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Անադոլու» լրատվական գործակալությունը, Օբաման եւ Էրդողանը պայմանավորվել են «փակել օտարեկրյա մարտիկների հոսքը եւ ապահովել Սիրիայի հետ Թուրքիայի սահմանի անվտանգությունը»:
«Առաջնորդները քննարկել են օտարեկրյա մարտիկների հոսքը փակելու եւ Սիրիայի հետ թուրքական սահմանի անվտանգության ապահովմանն ուղղված համագործակցության ընդլայնման գծով ջանքերը», -հաղորդում է «Անադոլու»-ն:
Նշվում է, որ Միացյալ Նահանգների նախագահը «հաստատել է ԱՄՆ-ի նվիրվածությունը Թուրքիայի ազգային անվտանգության ապահովմանը»:
Հուլիսի 20-ին թուրք-սիրիական սահմանին մոտ Սուրուչ քաղաքում քուրդ երիտասարդ ինտերնացիոնալիստների հավաքի ժամանակ տեղի ունեցած հզոր պայթյունի հետեւանքով 32 մարդ զոհվել, 100-ից ավելի մարդ վիրավորվել էր: Հաջորդ օրը Ուրֆա քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր երկու ոստիկանների' գլխից գնդակահարված դիակներ: