Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 22-ին այցելել է Քաշաթաղի շրջան ու տեղում ծանոթացել Հագարի եւ Աղավնո գետերի միախառնման տեղում կառուցվող նոր ջրամբարի աշխատանքներին: Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Սահակյանը կարեւորել է ջրամբարի նշանակությունը շրջանում գյուղատնտեսության զարգացման գործում' հավելելով, որ դրա շահագործումը կնպաստի ոռոգելի տարածքների ընդլայնմանը եւ էլեկտրաէներգիայի արտադրության ավելացմանը:

 

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել սփյուռքահայ բարերար Վարդան Սերմաքեշին' նախագծի իրականացմանը գործուն մասնակցություն ունենալու համար: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Քաշաթաղի շրջանն ունի ջրային լուրջ պաշարներ, եւ այսուհետ էլ պետությունը հատուկ ուշադրություն է դարձնելու դրանց օգտագործմանը' հետեւելով շրջակա միջավայրի պահպանման բոլոր նորմերին:

 

Այնուհետեւ Բակո Սահակյանը Հադրութի շրջանի Առաքել գյուղում ներկա է գտնվել Արցախի մի շարք համույթների մասնակցությամբ տեղի ունեցած համերգին: Նախագահ Սահակյանը նշել է, որ նման միջոցառումների կազմակերպումը գյուղերում նպաստում է այստեղ մշակութային կյանքի աշխուժացմանը: