Ինչպես տեղեկացրեց հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, օգոստոսի 1-14 Բելառուսում գտնվող Ստայկիի հանրաճանաչ մարզաբազայում Հայաստանի ընտրանին ուսումնամարզական հավաք կանցկացնի, որին ներգրավված կլինի հավաքականի 14 ըմբիշ:
«Ստայկիում այդ ժամանակահատվածում նախատեսել են ուսումնամարզական հավաք անցկացնել ևս մի քանի հավաքական, ուստի մարզումային-մրցակցային զույգերի պակաս չենք զգա»,- Լևոն Ջուլֆալակյանի խոսքը մեջբերում է ըմբշամարտի ֆեդերացիայի կայքը:
Հավաքականի գլխավոր մարզիչը նշել է նաև, որ ևս մեկ հավաք էլ անմիջապես աշխարհի առաջնությունից առաջ կանցկացնեն Երևանում ու լիովին պատրաստ կմեկնեն մրցավայր՝ Լաս Վեգաս:
Հիշեցնենք, որ անցած տարի Տաշքենդում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հասավ աննախադեպ հաջողության. աշխարհի չեմպիոններ դարձան 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանն ու 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը: