Թուրքիայի քրդաբնակ Ուրֆայի նահանգի Սուրուջ քաղաքում քրդական երիտասարդական կազմակերպության միջոցառման ժամանակ տեղի ունեցած հզոր պայթյունից հետո, որի հետեւաքնով 32 մարդ զոհվել, 100-ից ավելի մարդ վիրավորվել էր, այդ երկրում սկսված թուրք-քրդական բախումներում վերջին 11 օրերին 50 մարդ է զոհվել, որից 16-ը զինծառայողներ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական HaberTurk-ը, թուրքական զինուժի եւ քրդերի միջեւ բախումներ են տեղի ունեցել Ադըյամանում, Ուրֆայի Ջեյլանփընար քաղաքում, Քիլիսում, Դիարբեքիրի Յենիշեհիր, Լիջե ավաններում, Ստամբուլի Գեզի թաղամասում, Մուշի Մալազկերտ քաղաքում, Վանի Չալդըրան բնակավայրում, Շեմդինլիում, Աղրըում, Շիռնաքում, Կարսի Սարիղամիշ քաղաքում, Ադանայի Փոզանթը բնակավայրում եւ այլ քրդաբնակ գյուղերում:
CNNTurk-ը հայտնում է, որ թուրքական ավիացիան ռմբային հարված է հասցրել Իրաքի հյուսիսում գտնվող Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների դիրքերին: Ռազմական գործողությանը մասնակցել են 30 ռմբակոծիչներ, որոնք օդ են բարձրացել Դիարբեքիրի ռազմաբազայից:
Հունիսի 30-ին անցկացված նմանատիպ ռմբակոծությունների հետեւանքով, որին մասնակցել են Թուրքիայի օդուժերի 80 ռմբակոծիչներ, հարվածներ են հասցվել PKK-ի 100 դիրքերի վրա: Գործողությունների արդյունքում, թուրքական կողմի տվյալներով, զոհվել է 260 եւ վիրավորվել PKK-ի 400-ից ավելի զինյալներ: Քրդական աղբյուրները չեն հաստատել այդ կորուստները:
Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ PKK-ի դիրքերի վրա ավիահարվածները շարունակվում են: