Թուրքիայի քրդաբնակ տարածաշրջանի կենտրոն Դիարբեքիրի Հանի գավառում Դիարբեքիր-Բինգյոլ ավտոմայրուղում երթեւեկությունը փակած Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ թուրքական բանակի զինվորների միջեւ երեկ գիշեր տեղի ունեցած բախումներում 5 թուրք զինվոր զոհվել, մեկն էլ վիրավորվել է:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ակոս»-ը, այդ մասին հայտնել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը:

 

 

Թուրքական բանակի զինվորները հարձակվել են Դիրաբեքիրի որոշ թաղամասերի ղեկավարների ձերբակալության դեմ բողոքի դուրս եկած 100-150 հոգանոց խմբի վրա, որոնք վահան կազմած փակել էին ավտոմայրուղին:

 

 

Թուրքական բանակի գլխավոր շտաբը ավտոմայրուղին փակած քաղաքացիներին հավասարեցրել է PKK-ի զինյալներին: Այդ բախման ժամանակ զոհվել է երկու զինծառայող, մեկն էլ վիրավորվել է:

 

 

Երեկ Դիրաբեքիրի Լիջե գավառում թուրք-քրդական բախումներում զոհվել են երեք թուրք զինվորներ:

 

 

Այսօր առավոտյան ժամը 7-ին հանվել է Դիրաբեքիրի նահանգի Լիջե եւ Սիլվան քաղաքներում օգոստոսի 18-ին ժամը 1-ից հայտարարված' «փողոց դուրս չգալու» մասին արգելքը:

 

 

Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ Թուրքիայի իշխանությունները քրդաբնակ արեւելյան եւ հարավարեւելյան 100-ից ավելի բնակավայրերում արտակարգ իրադրություն եւ «փողոց դուրս չգալու արգելքներ» են հայտարարել: Դա կապված է այդ տարածաշրջանում PKK-ի գործողությունների ակտիվացման հետ: Թուրքիայի ուժային կառույցները ռազմական գործողություններ են իրականացնում PKK-ի հավանական հանգրվանների եւ դիրքերի վրա:

 

 

Վերջին օրերին քրդական տարածաշարջանում քրդերի գործողություններն ակտիվացել են այն բանից հետո, երբ Դիրաբեքիրում ձերբակալվել են Սուրի եւ Սիլվանի 6 համաքաղաքապետերը: