Հայաստանում ստեղծվել է բացառապես իրավաբաններից բաղկացած խումբ, որի նպատակն է հասարակությանն իրազեկել Սահմանադրական բարեփոխումների թերությունների մասին: Առաջիկայում դրանք զեկույցի տեսքով հրապարակելու են, իրազեկող բրոշյուրներ են բաժանելու և հանրությանը ներկայացնելու են, թե ինչ է իրենից ներկայացնում նոր նախագիծը:

 

Այդ խմբի անդամ փաստաբաններից Գևորգ Գյոզալյանը, պատասխանելով ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հարցին՝ արդյոք այսօր մեր հասարակությանն օբյեկտիվորեն անհրաժե՞շտ են Սահմանադրական փոփոխություններ, փաստաբանը պատասխանեց. 

 

«Այսօր ՀՀ-ում օբյեկտիվ անհրաժեշտություն առկա չէ Սահմանադրական փոփոխությունների: Այդ հանձնաժողովը չկարողացավ մարդկանց համոզել, թե որն է այն օբյեկտիվ անհրաժեշտությունը, որն իրենց հիմք տվեց նախաձեռնել այս Սահմանադրական փոփոխությունները»:

 

Գևորգ Գյոզալյանը, խոսելով իրենց խմբի գործունեության մասին, ասաց, որ իրենք խնդիր չեն դրել առաջարկներով հանդես գալու, այլ ի սկզբանե խնդիր են դրել հասկանալ՝ արդյոք անհրաժե՞շտ են Սահմանադրական փոփոխությունները, թե՞ ոչ, և անդրադարձ է կատարվելու նախագծում առկա բոլոր թերություններին: 

 

Փաստաբանը վստահեցնում է՝ ինչքանով հասցրել են ուսումնասիրել նախագիծը, թերությունները բազմաթիվ են եղել:

 

Փաստաբանը նշեց նաև, որ չեն պատրաստվում համագործակցել որևէ քաղաքական միավորման հետ, քանի որ իրենց տեսակետը լինելու է միմիայն մասնագիտական: