Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը մեղադրական եզրակացություն է պատրաստել երկրի 18 լրագրողի նկատմամբ' մինչև 7,5 տարի ազատազրկելու առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, լրագրողները մեղադրվում են «ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելու» մեջ:

 

Դատախազության կողմից մեղադրականը կազմվել է ահաբեկչության զոհ դարձած դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազի՝ գերության մեջ ընկնելու թեմայով լուսանկարները տարածած 9 պարբերականի պատասխանատու տնօրենների և նրանց այլ աշխատակիցների դեմ:

 

Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատը (DHKP-C) մարտի 31-ին գերի էր վերցրել Ստամբուլի հանրապետական դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազին: Թուրքական անվտանգության ծառայությունների կողմից նույն օրը երեկոյան ձեռնարկած հատուկ գործողության ընթացքում դատախազը վիրավորվել էր գլխից և կրծքից ու մահացել: