Ստամբուլի հանրապետական դատախազությունը փակել է 2013 թվականի դեկտեմբերի 17-ից սկսած և «Մեծ կաշառք» անվանումը ստացած դատական գործը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Զաման» պարբերականը: Դատարանը նման որոշում է կայացրել ելենով այն հիմնավորումից, թե հետաքննության ենթարկվող 53 մարդկանց վերաբերյալ հավելյալ տեղեկություն հնարավոր չի եղել ստանալ:
Ստամբուլում դեկտեմբերի 17-ի առավոտյան ներքին գործերի նախարար Մուամար Գյուլերի, էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի և շրջակա միջավայրի ու քաղաքաշինության նախարար Էրդողան Բայրաքթարի որդիների, հայտնի գործարարներ Ռեզա ՍարրաՖի, Ալի Աղաօղլուի, «Հալք» բանկի տնօրենի հետ ձերբակալվել են 50-ից ավելի անձինք, ովքեր կասկածվում էին ապօրինությունների, կոռուպցիայի, դրամաշորթության և Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցության բնագավառում մեծ յուրացումների մասնակցության մեջ:
Թուրքիան ցնցած այդ ձերբակալություններից հետո հիշյալ նախարարները և Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը, ով ևս կասկածվում է «որոշ հարցեր լուծելու համար» Սարրաֆից 1,5 մլն դոլար կաշառք վերցնելու մեջ, հրաժարական են ներկայացրել երկրի վարչապետին:
«Մեծ կաշառքի» գործով մեծ յուրացումներ անելու մեջ էին մեղադրվում նաև երկրի այն ժամանակվա վարչապետ ( նորկայում նախագահ) Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա որդին' Բիլալ Էրդողանը: Համացանցում տարածվել էին հոր և որդու հեռախոսազրույցների գաղտնալսած ձայնագրությունները, որոնք ապացուցում էին «Մեծ կաշառք» գործում Էրդողանի մասնակցությունը: Որպես նման խոսակցությունները զսպելու միջոց' Թուրքիայի իշխանությունները արգելափակեցին YouTube-ը: