Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պայմանավորվել են, որ Աթենքը մոտավորապես 86 մլրդ եվրո ծավալով երրորդ վարկային ծրագրի շուրջ վարկատուների հետ բանակցությունները պետք է ավարտի օգոստոսի 15-ից անմիջապես հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես» -ը, լրագրողներին հաղորդել է Հունաստանի կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը՝ ամփոփելով Ցիպրասի եւ Օլանդի միջեւ օգոստոսի 6-ին Եգիպտոսում կայացած հանդիպման արդյունքները, որտեղ երկու երկրների ղեկավարները մասնակցել են Սուեզի ջրանցքի նոր հունի բացման պաշտոնական արարողությանը:

 

 

Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մինա Անդրեեւան ավելի վաղ հայտարարել է, որ ԵՀ-ն Հունաստանի եւ նրա վարկատուների միջեւ համաձայնությունն ակնկալում Է մինչեւ օգոստոսի 20-ը: «Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա բանակցությունները գոհացուցիչ են, եւ, ինչպես ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, համաձայնության հասնելը հնարավոր է մինչեւ օգոստոսի 20-ը»,- նշել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: