Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանությունը հաստատել է, որ ՀՀ չորս քաղաքացիներ, այդ թվում՝ երկու երեխա, զոհվել են մերձմոսկովյան Իստրայի ջրամբարում ուղղաթիռի հետ Cessna-206 ամֆիբիա (երկընթաց) ինքնաթիռի բախման հետեւանքով:

 

Ինքնաթիռը եւ ուղղաթիռը Մոսկվայի մարզի Ալեխնովո բնակավայրի շրջանում բախվել են օգոստոսի 8-ի երեկոյան: Ըստ վերջին տվյալ ների՝ զոհվել է ինը մարդ, նրանցից ութի մարմինները դուրս են բերվել ջրից եւ ճանաչված են: Եվս մեկ մարդու որոնումները շարունակվում են: ԶԼՄ-ները հաղորդել էին, որ զոհվել են չորս հայեր, այդ թվում՝ երկու երեխա:

 

«Ինչ վերաբերում Է Հայաստանի քաղաքացիներին, ապա ներկա պահին նրանց վերաբերյալ հայտնի է, որ զոհվել են Պարույր Նորիկի Մանուկյանը՝ ծնված 1987 թվականին, նրա մարմինն առայժմ հայտնաբերված չէ, Լարիսա Վրեժի Մանուկյանը՝ ծնված 1982 թվականին, Օֆելյա Ազատի Գլչյանը՝ ծնված 2005 թվականին, ինչպես նաեւ Էրիկ Ազատի Գլչյանը՝ ծնված 2007 թվականին»,-հայտնել են ՌԴ-ում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության մամուլի ծառայությունում: