Վրաստանը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ներկայացուցիչների հետ ուղղակի երկխոսություն հաստատելու անհրաժեշտություն չի տեսնում եւ նախընտրում է բանակցություններ վարել Ռուսաստանի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս դիրքորոշումը ներկայացրել է ՄԱԿ-ին առընթեր Վրաստանի մշտական ներկայացուցիչ Կախա Իմնաձեն՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:

 

«Խնդիրը Վրաստանի եւ Աբխազիայի կամ Հարավային Օսիայի միջեւ չէ: Խնդիրը Վրաստանի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ է: Այնպես որ մենք այդ հարցը քաղաքական մակարդակով քննարկում ենք Ռուսաստանի հետ»,- ասել է դիվանագետը, որը ՄԱԿ-ում մամուլի ասուլիս էր կազմակերպել 2008 թվականի զինված հակամարտության տարելիցի կապակցությամբ:

 

Վրաստանի մշտական ներկայացուցիչը նշել է, որ բոլոր տարաձայնությունների կարգավորման համար միակ ֆորումն այն բանակցություններն են, որոնք Ժնեւում ընթանում են ՄԱԿ-ի, Եվրամիության եւ ԵԱՀԿ-ի հովանու ներքո՝ Ռուսաստանի, Աբխազիայի, Վրաստանի, ԱՄՆ-ի եւ Հարավային Օսիայի պատվիրակությունների մասնակցությամբ:

 

Մամուլի ասուլիսի ընթացքում նա ՌԴ-ին մեղադրել է հրադադարի վերաբերյալ համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների խախտման մեջ, ինչպես նաեւ բացասաբար է արտահայտվել Մոսկվայի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ կնքված դաշնակցության ու ինտեգրացման համաձայնագրերի մասին: