Վրաստանի պատվիրակությունը Ժնեւի քննարկումների ընթացքում չի կարողացել քննարկել օրակարգով նախատեսված բոլոր հարցերը, քանի որ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ներկայացուցիչները լքել են բանակցությունները դրանց սկսվելուց մի քանի րոպե անց, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Իմեդի» հեռուստաընկերությանը:

 

«Այդ ապակառուցողական գործողությունները մեզ հնարավորություն չտվեցին ամբողջությամբ քննարկել Ժնեւի բանակցությունների օրակարգով նախատեսված հարցերը: Առաջին անգամը չէ, որ նման բան Է տեղի ունենում: Ցավոք, որոշակի փաստեր եղել են նաեւ բանակցությունների այլ փուլերում»,- Ժնեւում լրագրողներին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Դավիթ Զալկալիանին:

 

Հեռուստաընկերության տվյալներով՝ աբխազական եւ հարավօսական կողմերը չեն ցանկացել քննարկել Աբխազիայում եւ Ցխինվալի տարածաշրջանում իրենց տներ հարկադիր վերաբնակների եւ փախստականների վերադառնալու հարցը: «Դա այն իրավունքն է, որը ոչ ոք չի ժխտում, ներառյալ նաեւ այդ մասնակիցները: Ես նկատի ունեմ հարկադիր վերաբնակների վերադառնալու իրավունքը: Բայց դա քաղաքականացված ձեւաչափ է»,- հայտարարել է հաշտության եւ քաղաքացիական իրավահավասարության առաջին փոխնախարար Քեթեւան Ցիխելաշվիլին:

 

Ժնեւի բանակցությունների հաջորդ փուլը նշանակված է հոկտեմբերի 7-8-ին:

 

Ժնեւյան քննարկումներն անցկացվում են 2008 թվականի հոկտեմբերից այն պայմանավորվածությունների հիման վրա, որոնք Եվրամիության, ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի միջնորդությամբ ձեռք են բերվել Վրաստանում 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո: Ժնեւի հանդիպումներին մասնակցում են Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի պատվիրակությունները, աբխազական եւ հարավօսական կողմերի ներկայացուցիչները, հաղորդել է «Նովոստի Գրուզիա» գործակալությունը: