Տավուշի մարզի կարիքավոր և բազմազավակ ընտանիքներին հագուստով ապահովելու համար Երևանում տեղադրվել է օգտագործած հագուստ հավաքելու համար նախատեսված մետաղական պահարան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց նախագծի գաղափարի հեղինակ Աիդա Աթաբեկյանը, Սիրահարների այգում տեղադրված արկղ-պահարանը նախատեսված է հագուստի, կոշիկի և խաղալիքների համար:
«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոնի անդամների հետ որոշել էինք բարեգործական նախաձեռնություն անել՝ անապահով ընտանիքներին օգնություն ցուցաբերելու համար: Հավաքել էինք օգտագործած հագուստ և չոր մթերք՝ կրուպեղեն, ալյուր և այլն: Այսպես կարողացանք օգնել դիլիջանաբնակ տասը անապահով ընտանիքի: Այս տարի որոշեցինք լայնացնել մեր գործունեության մասշտաբները՝ Երևանում տեղադրելով պահարան-արկղը, որտեղ հավաքված իրերը կկարողանան օգնել ավելի մեծ քանակությամբ անապահով ընտանիքների», - ասաց Աիդա Աթաբեկյանը:
Նախաձեռնության հեղինակը հավելեց, որ մինչև դեկտեմբեր Երևանում տեղադրված պահարան-արկղը պատրաստվել է Awesome Foundation Yerevan -ի տրամադրած դրամաշնորհի արդյունքում: