Փրկարարները տարհանել են 11 մարդու, որոնք տուժել են Խաբարովսկի շրջանում Մի-8 ուղղաթիռի վթարի հետևանքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ Խաբարովսկի շրջանի վարչության ղեկավարը: «Ճշտված տեղեկատվության համաձայն, 2015թ. օգոստոսի 16-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 10:30- ին, Օխոտի ծովի Օնգաչան հունի մոտ վթարի ենթարկված Մի-8 ուղղաթիռի 11 ուղևորները տարհանվել են և կտեղափոխվեն Խաբարովսկի շրջան»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

 

Վթարի վայրում շարունակում են աշխատել ՌԴ ԱԻՆ Խաբարովսկի շրջանի վարչության խումբը և ՌԴ ԱԻՆ-ի որոնողափրկարարական խումբը, որը պետք է շարունակի որոնողական աշխատանքներ իրականացնել:

 

«Արևելք» ավիաընկերության Մի-8 ուղղաթիռը վթարի է ենթարկվել օգոստոսի 15-ին: Ուղղաթիռում եղել է 13 ուղևոր, այդ թվում' «ՎՏԲ Լիզինգ» ընկերության ղեկավարությունը, ինչպես նաև անձնակազմի երեք անդամները: Ըստ վերջին տվյալների, փրկվել է 11 ուղևոր, մյուս հինգ անձանց ճակատագիրն առայժմ անհայտ է: