Ինդոնեզացի փրկարարները գտել են Trigana Air Service ավիաընկերության մարդատար ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածների 38 մարմիններ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 18-ին հաղորդել է Reuters գործակալությունը:

 

Ազգային որոնողափրկարարական գործակալության ղեկավար Բամբանգ Սոելիստին հայտնել է, որ գտնվել են 37 մեծահասակների եւ մեկ երեխայի մարմիններ: Ինքնաթիռում եղած եւս 16 մարդու ճակատագիրն անհայտ է մնում:

 

Փրկարարները շարունակում են ինքնաթիռի ինքնագրիչների որոնումները: Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, գործողությունը բարդանում է դժվարամատչելի լեռնային տեղանքի պատճառով:

 

Trigana Air Service-ի ATR 42-300 ինքնաթիռը օգոստոսի 16-ին նոր Գվինեա կղզու Սենտանի օդանավակայանից ուղեւորվել էր Օքսիբիլ: Թռիչքից 33 րոպե անց օդանավի հետ կապը խզվել է:

 

Ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Պապուա նահանգի Օկտաբե օկրուգում: Ընդամենը աղետյալ ինքնաթիռում եղել է 49 ուղեւոր եւ անձնակազմի հինգ անդամ: