AirAsia ավիաընկերության կործանված ինքնաթիռի զոհերի մարմինների որոնողական աշխատանքներին մասնակիցներն արդեն ջրից դուրս են բերել 40-ից ավելի մարմին: Այդ մասին, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, հայտնել է սինգապուրյան Channel News Asia հեռուստաալիքը՝ հղում անելով Ինդոնեզիայի ռազմածովային ուժերին:
Ավելի վաղ, Ինդոնեզիայի քաղավիացիայի ծառայությունից հաստատել էին, որ Բորնեո կղզիների ափերի մոտ հայտնաբերված բեկորներն իսկապես պատկանում են AirAsia ինքնաթիռին:
Ինչպես հաղորդվել է, ինդոնեզացի ձկնորսը հայտնաբերել է օբյեկտներ, որոնք նման են եղել ինքնաթիռի դռան: Այն հայտնաբերվել է մոտ 10կմ հեռավորության վրա այն վայրից, որտեղ ռադարներից անհետացել էր ինքնաթիռը:
Որոնողա-փրկարարական գործողությունը ղեկավարում է Ինդոնեզիան, քանի որ AirAsia ընկերության ինքնաթիռը ռադարներից անհետացել է հենց այդ երկրի օդային տարածքում: Որոնումներին մասնակցում են Ինդոնեզիայի, Սինգապուրի, Մալայզիայի, Հարավային Կորեայի, Ավստրալիայի ինքնաթիռներն ու նավերը: Միացյալ Նահագներն էլ որոշում է ընդունել որոնումների շրջան ուղարկել Sampson էսմինեցը: