Ինդոնեզացի փրկարարները հայտնաբերել եւ ջրից դուրս են բերել AirAsia Indonesia ավիաընկերության Airbus ինքնաթիռի կործանման զոհերի եւս երեք մարմիններ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 16-ին հայտարարել է որոնողա-փրկարարական գործողության օպերատիվ տնօրեն մարշալ Սուպրիյադին:

 

«Մենք հայտնաբերել ենք QZ8501 չվերթի աղետի զոհերի երեք մարմիններ»,- փրկարարի խոսքը մեջբերել է Detik.com լրատվական ինտերնետ-պորտալը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկուսուկես ամսվա ընթացքում փրկարարները հայտնաբերել են զոհվածների 103 մարմին:

 

Սուպրիյադիի խոսքով՝ մարմինները հայտնաբերվել են այն վայրից 40 մետր հեռավորության վրա, որտեղից ծովի մակերեւույթ էր բարձրացվել ջախջախված ինքնաթիռի հիմնական մասը:

 

Ինքնաթիռը Ինդոնեզիայի Սուրաբայ քաղաքից Սինգապուր էր մեկնել դեկտեմբերի 28-ի առավոտյան եւ թռիչքից մոտ մեկ ժամ անց կորել էր ռադարների էկրաններից: Օդանավում եղել է 162 մարդ, որոնց ճնշող մեծամասնությունը Ինդոնեզիայի քաղաքացիներ էին: Նրանք բոլորը զոհվել են:

 

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության նորմերի համաձայն՝ ավիաաղետի պատճառների մասին ամբողջական զեկույցը պետք է հրապարակվի դրա կործանման պահից մեկ տարվա ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: