Փրկարարները վերսկսել են երկու օր առաջ կորած մարդատար ինքնաթիռի որոնումները, որը Ինդոնեզիայի Սուրաբայ քաղաքից չվերթ էր կատարում Սինգապուր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Channel News Asia հեռուստաալիքին:

 

Ինչպես սպասվում է, դեկտեմբերի 30-ին որոնողական աշխատանքների մասշտաբները կընդլայնվեն: Ինդոնեզիայի որոնողափրկարարական ազգային գործակալության ղեկավար Բամբանգ Սոելիստիոյի խոսքով՝ ծովային գոտին ներկայիս յոթից կավելացվի մինչեւ 11 սեկտոր: Բացի այդ, որոնումներ կիրականացվեն նաեւ ցամաքում՝ Կալիմանտան կղզու արեւմուտքում: Որոնումների շրջանը ներառում է Բելիտունգ կղզու եւ Կալիմանտանի արեւմտյան մասի միջեւ ընկած տարածքը:

 

Փրկարար գործողությունը ղեկավարում է Ինդոնեզիան, քանի որ AirAsia ընկերության ինքնաթիռը ռադարներից անհետացել է այդ երկրի օդային տարածքում: Փրկարար խմբի կազմում ընդգրկված են նաեւ Մալայզիայի, Հարավային Կորեայի եւ Սինգապուրի ներկայացուցիչները: Ինչպես նշել է Ինդոնեզիայի փոխնախագահ Յուսուֆ Կալլան, որը գլխավորում է որոնողափրկարարական ազգային կենտրոնը, ընդհանուր առմամբ գործողությանը մասնակցում են 30 նավ, ինչպես նաեւ 15 ինքնաթիռ:

 

ԱՄՆ-ը USS Sampson էսկադրային ականակաիրն է ուղարկում Ինդոնեզիայի ափերի մոտ AirAsia-ի կորած ինքնաթիռի որոնումների շրջան: Այդ մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը: Սպասվում է, որ ամերիկյան ռազմանավը որոնումների գոտի կժամանի դեկտեմբերի 30-ի երեկոյան:

 

AirAsia ընկերության օդանավը թռիչքից մոտավորապես 40 րոպե անց անհետացել է ռադարների էկրաններից՝ ենթադրաբար գտնվելով Կալիմանտան (Բոռնեո) կղզու շրջանում: Ավիաընկերության տվյալներով՝ A-320-200-ում եղել Է 162 մարդ. 155 ուղեւոր (այդ թվում՝ 17 երեխա) եւ երկու օդաչու, օդանավի ինժեները եւ օդանավի չորս ուղեկցորդները: Նրանցից 155 հոգի Ինդոնեզիայի քաղաքացիներ են, երեքը՝ հարավկորեացիներ, մեկը՝ Մեծ Բրիտանիայի հպատակ, մեկը Մալայզիայի հպատակ եւ Սինգապուրի եւ Ֆրանսիայի (երկրորդ օդաչուն) մեկական քաղաքացիներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: