Դեթրոյթ քաղաքում 110 տարեկան հասակում մահացել է Երկրորդ աշխարհամարտում ԱՄՆ-ի ամենատարեց կին վետերանը՝ աֆրոամերիկուհի Էմմա Դիդլեյքը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով San Antonio express-news հրատարակությանը:
Դիդլեյքը ծնվել է Ալաբամայում 1905 թվականին: 1943 թվականին անդամակցել է ցամաքային զորքերի կանանց օժանդակ կորպուսին: Պատերազմից հետո նա ակտիվ մասնակցություն է ունեցել ռասիզիմի դեմ պայքարին, եղել է հայտնի իրավապաշտպան Մարթին Լյութեր Քինգի զինակիցը:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, որը մեկ ամիս առաջ Սպիտակ տանն ընդունել էր Դիդլեյքին, ցավակցություն է հայտնել նրա մահվան կապակցությամբ:
«Էմմա Դիդլեյքն իր երկրին ծառայել է պատվով ու արժանապատվությամբ եւ օրինակ է դարձել ամերիկացիների սերունդների համար, որոնք շատ բան են զոհաբերել իրենց երկրի համար»,- նշել է նախագահը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: