Թուրքիայի քրդաբնակ հարավարեւելյան տարածաշրջանում, Սիիրթ-Փերվարի ավտոմայրուղու վրա կազմակերպված պայթյունի հետեւանքով զոհվել են Թուրքիայի Զինված ուժերի ութ զինծառայողներ:

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը' հղում կատարելով ԶՈւ գլխավոր շտաբի այդ մասին հաղորդագրությանը:

 

 

Նշվում է, որ պայթյունը, որը կազմակերպել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինված թեւը, տեղի է ունեցել այն ժամանակ, երբ զինծառայողներ տեղափոխող տրանսպորտային միջոցն անցնելիս է եղել այդ վայրով:

 

 

Այս օրերին Թուրքիայի արեւելյան եւ հարավարեւելյան քրդաբնակ տարածաշրջանում մեծ թվով թուրք-քրդական բախումներ են տեղի ունեցել, որոնց հետեւանքով զոհվել են Թուրքիայի ԶՈւ 60-ից ավելի զինծառայողներ:

 

 

Օգոստոսի 19-ին փոխհրաձգություն է տեղի ունեցել նաեւ Ստամբուլի Դոլմաբահչե նախագահական պալատի մոտ: Անհայտ անձինք կրակ են բացել պալատի մուտքը հսկող ոստիկանների վրա: Զոհերի եւ վիրավորներ մասին չի հաղորդվում:

 

 

Թուրքիայում իրադրությունը կտրուկ սրվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից Ուրֆայի Սուրուչ քաղաքում Քրդական երիտասարդական կազմակերպության հուլիսի 20-ի միջոցառման ժամանակ կազմակերպած պայթյունից հետո, որի հետեւանքով 32 մարդ զոհվել էր, 100-ից ավելին' վիրավորվել էին: