Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) պատրաստվում է սկսել աէրոկոսմիկական մասշտաբային զորավարժություններ:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Fars News լրատվական գործակալությունը' հղում կատարելով Իրանի ԻՀՊԿ աէրոկոսմիկական ուժերի հրամանտար Ամիր Ալի Հաջիզադեին:

 

Նրա խոսքով' մոտ ապագայում մասշտաբային վարժանքներ կանցկացվեն բալիստիկ հրթիռների արձակման գծով:

 

Նա նաեւ նշել է զգալի առաջընթացը, որին վերջին երկու տարվա ընթացքում հասել են ԻՀՊԿ ուժերը:

 

Ընթացիկ տարվա օգոստոսի սկզբին Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հասան Ֆիրուզաբադին արդեն հայտարարել էր, որ Իրանը երկրի Գերագույն առաջնորդ այաթոլահ Ալի Խամենեի կողմից հաստատված գրաֆիկին համապատասխան շարունակելու է հրթիռների փորձարկումները: ԶՈւ գլխավոր շտաբի պետի այդ հայտարարությունը հանդիսացել է Իրանի խորհրդարանի պատգամավորների' հրթիռների փորձարկումները շարունակելու մասին երկրի բանակին արված կոչին: Պատգամավորների դիմումն, իր հերթին, արվել էր ի պատասխան ԱՄՆ-ի կողմից վերջերս արված սպառնալիքներին:

 

Անցյալ շաբաթ Իրանի ԶՈՒ գկխավոր շտաբի պետը նամակ էր ուղարկել երկրի խորհրդարանին, որում պատգամավորներին կոչ էր արել չստորագրել Թեհրանի միջուկային ծրագրի գծով համաձայնությունը, քանի որ.»Արեւմուտքի հետ գործարքի պայմանների ոչ ճիշտ մեկնաբանությունը կարող է ազդել Իրանի ռազմական հզորության վրա»: