Իրանի ԱԳ նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը Թբիլիսիում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասել է, որ «Պարսից ծոցի և Սև ծովի միջև միջանցք կառուցելու դեպքում մեծ հնարավորություններ կբացվեն, բեռնափոխադրումների գինը կնվազի»: Ընդ որում, Զարիֆը նշել է, որ այդ գաղափարը կյանքի կոչելու համար «պարտադիր է Վրաստանի, Իրանի, Հայաստանի և Ադրբեջանի համագործակցությունը»:
Փաստացի, Իրանի արտգործնախարարը Թբիլիսիում՝ Երևանին ու Բաքվին առաջարկել է ստեղծել տրանսպորտային միջանցք: Պարսից ծոցի և Սև ծովի միջև՝ Վրաստանով, Հայաստանով և Ադրբեջանով անցնող տրանսպորտային միջանցքի ստեղծումը կնպաստի ժողովուրդների մտերմությանը, ընդգծել է Մուհամադ Ջավադ Զարիֆը:
Մինչ այժմ, ինչպես գիտենք, Ադրբեջանը մշտապես խոչընդոտել է Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանային տարբեր նախագծերում: Հայաստանի հետ ցանկացած հարաբերությունների ձևավորման հիմքում Ադրբեջանը մշտապես դրել է Արցախյան հակամարտության կարգավորված չլինելը: Ավելին՝ Բաքուն ու Անկարան մշտապես խոչընդոտել են Հայաստանի հնարավորություններին՝ բոլոր առումներով:
Իրանը վերջին շրջանում ակնհայտորեն տարածաշրջանում ազդեցության ամրապնդման ուղղությամբ լուրջ քայլեր է ձեռնարկում, ինչը նախևառաջ ուղղված է տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության նվազեցմանը: Իրանում անշուշտ գիտակցում են, որ Բաքուն չի կարող փոխել տրամադրությունն ու առանց ԼՂ խնդրի՝ համագործակցություն հաստատել Հայաստանի հետ: Սակայն ուշագավ է այն, որ Թեհրանը գծում ձգտում է ցույց տալ, որ հնարավոր է գտնել այլ ուղիներ: Թեհրանի պահվածքը նաև ԼՂ խնդրի շուրջ վերջին շրջանում ուղղված է ընդդեմ Կրեմլի նկրտումների, որն ուզում է ակնհայտորեն ստատուս-քվո փոխել ԼՂ հարցում և էականորեն ակտիվացել է ապրիլյան պատերազմից հետո:
Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ