ՄԱԿ-ի մի խումբ փորձագետներ հայտարարությամբ դատապարտել են Ադրբեջանում իրավապաշտպաններ Լեյլա եւ Արիֆ Յունուս ամուսինների դեմ դատավճիռը:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Թուրան» լրատվական գործակալությունն, ըստ փորձագետների' այդ դատավճիռը քաղաքական դրդապատճառներ ունի, եւ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության դեմ բռնաճնշումների շարունակությունն է:

 

 

«Ադրբեջանի իշխանություններն անհապաղ պետք է դադարեցնեն քաղաքացիականակտիվիստների դեմ բռնաճնշումները», -ասված է հայտարարության մեջ:

 

 

ՄԱԿ-ի փորձագետները Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել շտապ եւ անհրաժշետ բժշկական օգնություն ցուցաբերել Լեյլա եւ Արիֆ Յունուսներին, որոնց առոջղական վիճակը խիստ վատացել է դատի ժամանակ, որը «չի համապատասխանել արդար դատարանի նորմերին եւ միջազգային չափանիշներին, եւ որոնց թույլ չի տրվել մասնակցել շատ միջազգային դիտորդների»:

 

 

Ադրբեջանցի հայտնի իրավապաշտպաններ Լեյլա եւ Արիֆ Յունուսները օգոստոսի 13-ին դատապարտվել են, համապատասխանաբար, 8,5 եւ 7 տարի ազատազրկման' հարկերից խուսափելու եւ խարդախության մեղադրանքներով:

 

 

Սակայն, նրանց հետապնդման իրական պատճառներն են քաղբանտարկյալների խնդիրը Ադրբեջանում, որը մշտապես բարձրացրել էր Լեյլա Յունուսը, ինչպես նաեւ իշխանությունների կողմից քաղաքացիների գույքի իրավունքների խախտումները, ինչի մասին նա մշտապես տեղեկացրել է միջազգային հանրությանը, եւ միջազգային կազմակերպություններին արված' Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերը բոյկոտելու մասին կոչերը:

 

 

Բացի այդ, Յունուս ամուսինները մեղադրվում են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համար «ժողովրդական դիվանագիտության» շրջանակում, իբր, Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ: Լեյլա Յունուսն այդ առնչությամբ հայտարարել էր, որ Ադրբեջանի իշխանությունը ցանկանում է ազատվել միջազգայ ին կազմակերպությունների հետ համագործակցող անկախ, ոչ կառավարական կազմակերպություններից եւ նրանց փոխարեն ներկայացնել իշխանամետ կազմավորումներ:

 

 

Յունուս ամուսինների նկատմամբ Բաքվի դատավճիռը դատապարտել եւ «սարսափելի անարադարություն» են բնութագրել ԱՄՆ պետքարտուղարությունը եւ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերը եւ Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպությունը (World Organisation Against Torte - WOAT):

 

 

Յունուսների դատավճիռը դատապարտել եւ անհապաղ նրանց բանտից ազատելու կոչ են արել Մեծ Բրիտանիայի եվրոպական հարցերով նախարար Դեւիդ Լիդինգթոնը, ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Քրիստոֆեր Սմիթը, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերով հանձնաժովի նախագահ Իզաբել Սանթոսը, ով հայտարարել է, որ «Ադրբեջանի իշխանությունները լկտիաբար խախտում են ԵԱՀԿ նորմերը»:

 

 

Լեյլա եւ Արիֆ Յունուս ամուսինները 2014 թվականի ամռանը ձերբակալվել են պետական դավաճանության եւ այլ մտացածին հանցագործությունների մեղադրանքներով: Նրանց փաստաբանները պնդում են, որ այդ մեղադրանքները ոչնչով հաստատված չեն:

 

 

Միջազգային հանրությունը Յունուս ամուսիններին քաղաքական բանտարկյալներ, իսկ Amnesty International կազմակերպությունը' «խղճի բանտարկյալներ» են ճանաչել:

 

 

Լեյլա Յունուսը Ֆրանսիայի «Պատվո լեգիոն» շքանշանի ասպետ է: Նա արժանացել է նաեւ 2003 թվականի օգոստոսի 19-ին Իրաքում պայթյունի հետեւանքով զոհված' ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատար Սերխիո Վիերիա դե Մելոնի (Sergio Vieria de Mello) անվան պարգեւի: Լեյլա Յունուսը նաեւ « Թեոդոր Հաքեր» գերմանական պարգեւի մրցանակակիր է:

 

 

Տեղական եւ միջազգային հանրության աջակցությունը սրընթաց կերպով կորցնող ալիեւյան վարչակարգն իր իշխանությունը պաշտպանելու միակ ուղին տեսնում է ադրբեջանական հասարակությանը ճնշելու եւ վախ սերմանելու մեջ: Դրա համար ադրբեջանական իշխանությունները շարունակում են քաղաքացիական հասարակության եւ մամուլի դեմ բռնաճնշումները: