ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կծանուցվի Բեռլինում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ կայացած եռակողմ բանակցությունների արդյունքների մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ի ն:

 

«Բանակցությունների արդյունքների շուրջ մենք կկապվենք ռուսական կողմի հետ… Մենք այդ մասին հեռախոսով կխոսենք նաեւ Ռուսաստանի նախագահի հետ կամ ես չեմ բացառում նաեւ չորսի հանդիպումը»,- ասել է կանցլերն օգոստոսի 24-ի երեկոյան Բեռլինում տեղի ունեցած մամուլի ասուլիուսում, որը նվիրված էր բանակցությունների արդյունքներին:

 

Մերկելը հայտնել է, թե Պորոշենկոն հավաստել է 100 միլիմետրից պակաս տրամաչափով սպառազինությունները շփման գծից հետ քաշելու պատրաստակամությունը: «Կարեւոր է՝ ամեն ինչ անել, որ հրադադարի ռեժիմի պահպանումն իրականություն դառնա»,- ասել է նա:

 

Ըստ ՏԱՍՍ-ի՝ Մերկելը նաեւ նշել է, որ անհրաժեշտ է շարունակել աշխատանքը շփման խմբի շրջանակներում: «Եռակողմ շփման խումբն այն ձեւաչափն է, որտեղ պետք է կատարվի անհրաժեշտ աշխատանքը: Մենք Մինսկում պայմանավորվել ենք, որ հենց այդ ձեւաչափն է օգտագործվելու»,- հավելել է նա:

 

Ամփոփելով Բեռլինի բանակցությունների արդյունքները՝ Մերկելն ընդգծել է, որ դրանք «ծառայում են «նորմանդական ձեւաչափի» ամրապնդմանը»: