ԵՄ-ն և Ռուսաստանը պայմանավորվել են առաջիկայում վերսկսել եռակողմ բանակցությունները ԵՄ-Ուկրաինա Ասոցացման մասին համաձայնագրի իրականացման շուրջ: Այդ մասին, ինչպես հաղորդում է korrespondent.net-ը, հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը' առևտրի հարցով եվրահանձնակատար Սեսիլյա Մալմստրյոմի և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանի հետ հանդիպման ավարտին:
«Նախարարների հաջորդ եռակողմ հանդիպման ժամն ու վայրը կհամաձայնեցնենք առաջիկայում»,- ասել է Ուլյուկաևը:
«Մենք քննարկեցինք ՌԴ-Ուկրաինա-ԵՄ եռակողմ օրակարգը, այսինքն՝ քննարկումների շարունակությունը բոլոր այն մտահոգիչ հարցերի շուրջ, որոնք առաջացնում են Ուկրաինայի՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի որոշ դրույթներ»,- ասել է ՌԴ նախարարը:
Վերջինիս խոսքով՝ այդ մտահոգիչ հարցերը վերաբերում են Համաձայնագրի տնտեսական մասին, տեխնիկական կարգավորման հարցերին, անասնապահական և բուսասանիտարական վերահսկողության պահանջներին: