Ուկրաինայի արեւելյան մարզերում վերսկսվել Է հակաահաբեկչական գործողության ակտիվ փուլը: Այդ մասին հայտարարել Է հանրապետության առաջին փոխվարչապետ Վիտալի Յարեման:

 

Ապրիլի 22-ին հայտնի է դարձել, որ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը պահանջել է հանրապետության արեւելքում վերսկսել հատուկ գործողությունը:

 

«Նախագահի պաշտոնակատարի կարգադրությանը համապատասխան՝ հակաահաբեկչական գործողությունը շարունակվում Է: Զատկի տոնին դրա ակտիվ փուլը կասեցվել Էր, բայց այսօրվանից ակտիվ փուլը շարունակվում Է: Իրավապահ մարմիններն աշխատում են վերացնել բոլոր այն կազմավորումները, որոնք ներկայում գործում են Կրամատորսկում, Սլավյանսկում եւ Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի այլ քաղաքներում»,- ապրիլի 23-ին ասել Է նա լրագրողներին Կիեւում:

 

Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, Յարեման հայտնել Է, որ այս գիշեր իրավապահները ակտիվ գործողություններ չեն ձեռնարկել:

 

Մինչ այդ Կիեւի իշխանությունները հայտարարել են երկրի արեւմուտքում եւ արեւելքում ուկրաինացիների օրինական քաղաքական պահանջները լսելու եւ նրանց ընդառաջելու պատրաստակամության մասին: «Ուկրաինայի իշխանությունը պատրաստ է լսել արեւմուտքում եւ արեւելքում ուկրաինացիների օրինական քաղաքական պահանջները: Եվ ոչ միայն լսել, այլեւ ընդառաջել նրանց: Եվ մենք կոչ ենք անում կատարել Ժնեւյան համաձայնությունները, որոնք կնքվել են Ուկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության միջեւ»,- ասված է հայտարարության մեջ:

 

Ուկրաինայի կառավարությունը հայտնել է, որ սկսել է կատարել պայմանավորվածությունների իր մասը: Այսպես, կասեցվել է երկրում հատուկ գործողությունների ակտիվ փուլը: Բացի այդ նախաձեռնվել է սահմանադրական բարեփոխման անցկացումը, իսկ Գերագույն ռադա օրինագիծ է մտցվել ցուցարարների համաներման մասին: Դրա հետ մեկտեղ կառավարությունը «երաշխավորում է ռուսաց լեզվի պաշտպանությունը եւ նրա հատուկ կարգավիճակի ամրագրումը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

 

«Խորհրդարանական կոալիցիան դիմել է բոլոր քաղաքական ուժերին՝ կոչ անելով փոխըմբռնման հուշագիր ստորագրել Ուկրաինայի արեւելքում իրադրության կարգավորման համար»,- հավելել է նախարարների կաբինետը: