Եվրամիությունը եւ նրա անդամ առանձին երկրները «պատրաստ են այսուհետեւ էլ միջազգային դոնորների եւ ԱՄՀ-ի հետ համատեղ աջակցել Ուկրաինայում բարեփոխումների գործընթացին»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Ուկրաինայի վերաբերյալ ԵՄ-ի ամփոփիչ հայտարարության մեջ: Այն բաղկացած է ընդամենը երկու պարբերությունից: «Եվրախորհուրդը շնորհավորել է Ուկրաինային նոր կառավարության ձեւավորման կապակցությամբ եւ ողջունել է քաղաքական ու տնտեսական բարեփոխումները շարունակելու նրա պատրաստակամությունը»,- նշվում է փաստաթղթում:

 

«ԵՄ-ն եւ նրա անդամ երկրները պատրաստ են այսուհետեւ էլ մյուս դոնորների հետ համատեղ աջակցել եւ դյուրացնել Ուկրաինայում բարեփոխումների գործընթացը՝ ԱՄՀ-ի պայմանների շրջանակներում: Եվրախորհուրդը նաեւ ողջունում է Ուկրաինայի տառապող մարդկանց ցուցաբերվող հումանիտար օգնությունն ընդլայնելու կառավարության պատրաստակամությունը»,-նշվում է փաստաթղթում:

 

Ավելի վաղ եվրոպական մի աղբյուր ՏԱՍՍ-ին հայտնել է, որ օգնության ժամկետներն ու ծավալները որոշված չեն: «Գագաթնաժողովն ավարտված է: Մենք հաստատեցինք ապագայում Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մտադրությունը, այն կտրամադրվի ԱՄՀ-ի հետ փոխգործակցությամբ, երբ Ուկրաինան կկարողանա դրսեւորել բարեփոխումների արդյունքները»,- ընդգծել է նա: