Եվրոպայի և Ասիայի սահմանին' Հարավային Կովկասում տեղակայված փոքրիկ Հայաստանն աշխարհի հնագույն պետություններից է: Այն քրիստոնեությունը պետականորեն առաջինն ընդունած ազգն է և ունի մեծ մշակութային պատմություն: Հիմնադրվելով մթա 6-րդ դարում' այսօր Հայաստանը մոտ 3 մլն բնակչությամբ ժողովրդավարական հանրապետություն է: Հայաստանի սահմաններից դուրս բնակվում է 8 մլն հայ, որոնց գերակշռող մասը 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի և վերապրածների ժառանգներ են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այս մասին գրում է The Daily Californian պարբերականի զբոսաշրջային բլոգը' «Ճանապարհորդություն Հայաստանով» խորագրով հոդվածում:
Սևանի լճի մասին հոդվածում նշվում է, որ լճի ջուրը մաքրամաքուր է, կատարյալ լողալու, առագաստանավային սպորտի, պարապլաներային սպորտի, նավարկության և ջրային այլ ժամանցի ձևերի համար: Այնտեղ բնակվում է իշխան ձուկը:
Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում' Արագած լեռան արևելյան լանջին է գտնվում Հայոց այբուբենի հուշարձանը, որ կառուցվել է 2005 թվականին' հայոց գրերի ստեղծման 1600-ամյակի առթիվ։ Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենը 1610 տարեկան է, այն ունի 39 տառ: Մաշտոցյան այբուբենն ի սկզբանե բաղկացած էր 36 տառերից, որն ամբողջացվել է միջին դարերում։
Անդրադարձ է կատարվել նաև մայրաքաղաք Երևանից 2 ժամ հեռավորության վրա է գտնվող Դիլիջան քաղաքին, որը The Daily Californian-ն անվանել է հայաստանյան «Շվեյցարիա»:
Իսկ Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա վեր է խոյանում Հաղարծնի' 10-րդ դարի հայկական վանքային համալիրը:
Պարբերականի բլոգը հրապարակել է լուսանկարների շարք' հայացք նետելով Հայաստանի' ապշեցուցիչ գեղեցկություն ունեցող տեսարժան վայրերին: