Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի պատվիրակության (UNICEF) գրասենյակի նորանշանակ ղեկավար Տանյա Ռադոչային:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել հիմնադրամի' ավելի քան երկու տասնամյակ շարունակվող գործունեությունը Հայաստանում՝ նշելով, որ այս տարիների ընթացքում հիմնադրամի երևանյան գրասենյակը լավ համագործակցություն է հաստատել Հայաստանի կառավարության, պետական և հասարակական կառույցների հետ, ինչը նպաստում է մանկական տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացմանը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի գործունեության բարձր գնահատականի համար՝ տիկին Ռադոչայը հույս է հայտնել, որ Հայաստանի կառավ արության հետ մշակված ծրագրերը կշարունակեն հաջողությամբ կյանքի կոչվել, ինչը կնպաստի երեխաների իրավունքների պաշտպանությանը եւ նրանց առողջապահական պայմանների ու կրթության մակարդակի բարելավմանը։
Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի ԱԳՆ պատրաստակամությունը' սերտորեն համագործակցելու «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի գրասենյակի հետ վերջինիս կողմից իրականացվող ծրագրերի շարունակականության ապահովման, նոր ծրագրերի մշակման ու դրանց իրականացման գործում եւ խոստացել ամենայն աջակցություն ցուցաբերել Տանյա Ռադոչային իր գործունեության ընթացքում: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի միջև համագործակցության տարբեր հարցերի շուրջ։