Կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանը կզբաղվի քաղաքականությամբ։ ՀՀԿ-ն կոնսոլիդացված է իր գաղափարների և օրակագրի շուրջ և ով այդ պայքարի օրակարգում կօժանդակի ՀՀԿ-ին՝ կլինի մեր դաշնակիցը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Մենք պատրաստ ենք բոլոր առողջ ուժերի հետ համագործակցել, այդ թվում՝ նաև Քոչարյանի, բայց՝ կոնկրետ օրակարգի շուրջ։ Մեզ համար կարևորը ազգային և քրիստոնեական արժեհամակարգի պահպանումն է, որի համար վերջին ամիսներին վտանգ ենք տեսնում։ Չի բացառվում՝ Աժ-ում օրենսդրական մի շարք նախաձեռնություններով հանդես գանք, որոնք ուղղված կլինեն քրիստոնեական արժեքների, ավանդական ընտանիքի և երեխաների իրավունքների պաշտպանության ամրապնդմանը»,-ասաց Շարմազանովը։
Նա ՀՀԿ-ի օրակարգի կարևոր հարցերից կարևորեց Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաև ՀԱՊԿ-ԵՄ հարաբերությունների ամրապնդումը
«Ամենակարևորը՝ Արցախի հարցում մենք անզիջում ենք լինելու, ինչպես նաև ցեղասպանության ճանաչման հարցում։ Հետևողական ենք լինելու, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կյանքի կոչվի»,-ասաց Շարմազանովը և ավելացրեց․
«Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ Քոչարյանը լուրջ ասելիք ու անելիք ունի»։
Անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արձագանքին՝ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցելու շուրջ՝ Շարմազանովը նկատեց․
«ՀՀԿ ղեկավարը Սերժ Սարգսյանն է։ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հետ կապված մենք արել ենք երկու հայտարարություն, իսկ կուսակցության հայատարությունն առանց կուսակցության նախագահի չի կարող լինել»։