ԱՄՆ-ն խորապես մտահոգված է ադրբեջանական դատարանի կայացրած վճռից, որով ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Խադիջա Իսմայիլովան 7.5 տարվա ազատազրկման է դատապարտվել: Ինչպես տեղեկացնում է Turan-ը, այդ մասին ասված է ԱՄՆ պետդեպի հայտարարության մեջ:
«Մենք նաև անհանգստացած ենք քննության և դատավարության ընթացքում գրանցված խախտումների պատճառով, այդ թվում' վկաների ցուցմունքների բացակայությունն ու այլ հիմնական փաստեր: Այս դեպքը ևս մի ապացույց դարձավ Ադրբեջանում մարդու իրավունքների սահմանափակումների, այդ թվում' մամուլի ազատության սահմանափակման առումով: Մենք նաև Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում իրականացնել ստանձնած միջազգային պարտավորությունները' մարդու իրավունքների և իր քաղաքացիների հիմնարար ազատությունները պաշտպանելու առումով»,- ասված է հայտարարության մեջ: