Եվրոպայի Խորհրդի անդամ պետություններում իրավապաշտպանների պաշտպանության գծով զեկուցող, էստոնացի խորհրդարանական Մայլիս Ռեպսը խիստ անհանգստություն է հայտնել Ադրբեջանում իրավապաշտպանների դրության վատթարացման կապակցությամբ:

 

Ինչպես հաղորդում է վկայակոչելով «Թուրան» լրատվական գործակալությունը, Ռեպսի կողմից այդ մասին ԵԽԽՎ կայքում հունիսի 20-ին տարածված հայտարարության մեջ ասվում է. «Ադրբեջանում իրավապաշտպանների դրությունը խիստ վատացել է 2013 թվականի նոյեմբերին այդ երկիր կատարած իմ վերջին այցից հետո»:

 

ԵԽԽՎ զեկուցողը նշում է, որ Ադրբեջանում հիմնական ազատությունները «մշտապես խախտվում են եւ սարսափելի է, որ դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Ադրբեջանը նախագահում է Եվրոպայի Խորհրդի նախարարաներչի խորհրդում' մի կազմակերպությունում, որը հիմնված է ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության վրա»:

 

Ռեպսն անհանգստություն է հայտնել Ադրբեջանում քաղաքացիական ակտիվիստների, լրագրողների եւ բլոգերների հետապնդման առնչությամբ: «Ես շատ անհանգստացած եմ այն բանով, որ իրավապատպանների, մյուս քաղաքացիական ակտիվիստների. լրագրողների եւ բլոգերների նկատմամբ ահաբեկման տարբեր միջոցներ են կիրառվում, ինչպիսիք են կամայական ձերբակալությունները, ոչ արդարացի դատաքննությունները, որոնցից մի քանիսը իրագործվում են մեր վաղեմի գործընկերների նկատմամբ»,- նշել է Ռեպսը:

 

ԵԽԽՎ զեկուցողը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել անհապաղ ազատ արձակել Եվրոպայի Խորհրդի քաղաքական հետազոտությունների Բաքվի դպրոցի տնօրեն Իլգա Մամեդովին, Ընտրությունների մոնիտորինգի եւ ժողովրդավարության ուսուցման կենտրոնի տնօրեն Անար Մամեդլիին, կենտրոնի գործադիր տնօրեն Բաշիր Սուլեյմանլիին եւ բազմաթիվ այլ «խղճի բանտարկյալների»:

 

Ադրբեջանի խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն, իրավապաշտպան Լեյլա Յունուսը, ով նույնպես հետապնդումների է ենթարկվում այդ երկրում, օրերս Բաքվում կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ադրբեջանում 130 քաղաքական բանտարկյալ կա, որոնցից 41-ը «խղճի բանտարկյալներ» է: Իրավապաշտպանը նշել է, որ նրանք բոլորը բանտարկվել են շինծու մեղադրանքներով այն բանի համար, որ համարձակվել են քննադատել իշխանություններին: Իրենց հերթին Ադրբեջանի իշխանությունները հերքում են երկրում քաղաքական բանտարկյալների առկայությունը եւ որ դատապարտվածները պատիժ են կրում կատարած հանցագործությունների համար: