Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը նույն մարզի Քասախ գյուղի գյուղապետ, ՀՀԿ անդամ Արամ Մկրտչյանին խիստ նախատել է գյուղապետարանում քարոզչություն իրականացնելու համար: Վերջինս իր աշխատասենյակում ՀՀ դրոշից կախել է «Դեպի ապահով Հայաստան» վզկապներից, ինչպես նաև շենքի ներսում նամակների համար նախատեսված հատվածում դրված էր ՀՀ նախագահի թեկնածու, Սերժ Սարգսյանի նախընտրական թռուցիկը:

Այսօր Հրազդանում մարզպետն այս մասին մի խումբ լրագրողների պահանջով ներկայացրեց իր տեսակետը: Սկզբում նա ասաց, որ գուցե մի «խելոք» մարդ բերել է ու դրել այդ թռուցիկն այդտեղ, իսկ երբ հարց հնչեց վզկապի մասին, արդեն այլ բան ասաց. «Դե գյուղապետը «Հանրապետական» կուսակցության անդամ է: Մարդ է, մի սխալ է թույլ տվել, ինձ ասացին, որ քարտուղարուհին է դա արել, ես չեմ արդարացնում նրան, ինքը սխալ է արել, և ես դրա հետ համամիտ եմ և շատ խիստ էլ նախատել եմ նրան»:

Վերջինս նաև նշեց, որ ինքը վզկապ երբեք չի կրել, բայց եթե կրեր, սիրով այն կկրեր: Հիշեցնենք, որ Քասախ գյուղի գյուղապետ, Արամ Մկրտչյանն ավելի վաղ ասել էր. «Շարֆն իմ աշխատասենյակում է, քանի որ ես զբաղվում եմ մեր թեկնածուի քարոզչությամբ, և այն պետք է լինի իմ ձեռքի տակ»: Միևնույն ժամանակ, նա վստահեցրել էր, որ ինքը գյուղապետարանում քարոզչությամբ չի զբաղվում։