Մայիսի 22-ին ԳԱԼԱ-ն հրապարակել էր մի հոդված,որն առնչվում էր ՊԵԿ Գյումրու տարածքային հարկային տեսչությունում կատարված կադրային կրճատումներին եւ այն անառողջ մթնոլորտին, որը տիրում է այնտեղ: Հիշեցնենք, որ նման դժգոհություններ ԳԱԼԱ-ն ստացել է արդեն կրճատված աշխատակիցներից:

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, մայիսի սկզբին Գյումրու հարկային կառույցից ազատվել է 8-9 աշխատակից՝ ընդ որում մարդիկ, ովքեր տարիներ շարունակ աչքի են ընկել իրենց մասնագիտական որակներով, ոմանք բարձր պաշտոններ են զբաղեցրել, ժամանակ առ ժամանակ պարգեւատրվել եւ այլն:

Օրինակ՝ ՊԵԿ Գյումրու տարածքային հարկային տեսչության Տեղեկատվության վերլուծության բաժնի արդեն նախկին աշխատակից Արսեն Գեւորգյանը հայտարարում է, որ իր նկատմամբ թույլ է տրվել կամայականություն եւ ՊԵԿ Գյումրու տարածքային հարկային տեսչության պետ Հրանտ Կարապետյանը, ով, ի դեպ՝ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի փեսան է, ապօրինի որոշում է կայացրել՝ նրան հեռացնելով աշխատանքից:

ԳԱԼԱ-ն պարզաբանում է ստացել ՊԵԿ-ից, որը ներկայացնում ենք ստորեւ.

«ԳԱԼԱ» հեռուստաընկերության, լրագրողների «Ասպարեզ» ակումբի և «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումների առնչությամբ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ վերջին տարիներին հարկային վարչարարության կատարելագործման կարևոր խնդիր են հանդիսացել հարկային համակարգի կառուցվածքային բարեփոխումները, այդ թվում հարկային(տարածքային) տեսչությունների օպտիմալացումը: Չորս տարվա ընթացքում 53 հարկային(տարածքային) տեսչություններից 29-ը լուծարվել են' միավորվելով կամ վերակազմակերպվելով ավելի խոշոր հարկային տեսչությունների հետ: Այս գործընթացը պայմանավորված է համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման, հարկային հաշվետվությունների ընդունման և մշակման ավտոմատացման, ռեսուրսների տնտեսման, ինչպես նաև հարկ վճարողների հետ անմիջական շփումների կրճատման, հարկային վաչարարության պարզեցման հետ:

Վերջին օպտիմալացումը կատարվել է ՀՀ կառավարության 18.04.2013թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008թ. սեպտեմբերի 4-Ի N 1005-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N-379-Ն որոշմամբ, որի համաձայն 8 հարկային(տարածքային) տեսչություններ վերակազմակերպվել են միացման ձևով՝ դառնալով 4 հարկային(տարածքային) տեսչություններ: Գյումրիի և Արթիկի հարկային(տարածքային) տեսչությունների միացման ընթացքում կրճատվել է 12.5 հաստիք, որից 2-ը' Տեղեկատվության և վերլուծության բաժնից: Կրճատման ընթացքում հաշվի են առնվել աշխատակիցների մասնագիտական և համակարգչային կարողությունները, աշխատանքային ցուցանիշները և աշխատանքային բնութագիրը՝ առաջնահերթությունը տալով ավելի բանիմաց աշխատակիցներին:

Ինչ վերաբերում է Արսեն Գևորգյանին, ապա նա 1996թ-ից աշխատել է ՊԵԿ համակարգում, 2004թ. ատեստացիայի արդյունքում չի ատեստավորվել և ազատվել է աշխատանքից: 2005թ. հուլիսից մինչև 2007թ. հոկտեմբերն աշխատել է պայմանագրային հիմունքներով: 2008թ. ընդունվել է հարկ վճարողների սպասարկման բաժին որպես 1-ին կարգի մասնագետ՝ փոխարինելով ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատակցին, այնուհետև 2009թ. հուլիսին կայացած մրցույթի արդյունքում նշանակվել է Գանձումների բաժնի հարկային տեսուչ, 2009թ. նոյեմբերից՝ Տեղեկատվության և վերլուծության բաժնի հարկային տեսուչ: 2012թ. հունիսին մասնակցել է «Հարկատու-3» էլեկտրոնային կառավարման համակարգ» թեմայով դասընթացի թեստավորմանը,

որի արդյունքում ստացել է անբավարար գնահատական: Վերակազմակերպված բաժնում Արսեն Գևորգյանին չընդգրկելը, բացի վերը նշված գործոններից, կապված է բաժնի էլ ավելի բանիմաց և արժանի աշխատակիցներին ընդգրկելու փաստով:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին