Հայաստանի մարզպետները չեն ցանկանում անդրադառնալ Րաֆֆի Հովհաննիսյանի' Սերժ Սարգսյանին ուղղված նամակ-առաջարկը, որտեղ կետերից մեկով նշվում է առնվազն հինգ մարզպետների աշխատանքից ատաելու եւ այդ պաշտոններում Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած մարդկանց նշանակելու մասին:

Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի կարծիքով' նախագահն այդ «անտրամաբանական» առաջարկությունը չի ընդունի: «Նախագահը Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին «իքս»-ով կպատասխանի, բայց ինչի՞ պետք է Րաֆֆի Հովհաննիսյանի անտրամաբանական առաջարկությունն ընդունվի»,-ասաց նա:

Հարցին, թե եթե ամեն դեպքում նախագահն ընդունի այդ առաջարկությունները, պատրա՞ստ եք ձեր պաշտոնից հրաժարվել հանուն իշխանության եւ ընդդիմության հաշտության, նա պատասխանեց, որ չի ցանկանում եթե-ներով խոսել: Կոտայքի մարզպետն ասաց, որ մարզպետների հարց ՀՀԿ-ում չի քննարկվել: Ինչ վերաբերում է իր հնարավոր պաշտոնանկությանը, նա նշեց, որ 12 տարի է այդ մասին գրվում է, բայց ինքը դեռ պաշտոնավարում է:

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի խոսքով' Սերժ Սարգսյանն այնպես կպատասխանի, ինչպես մինչեւ հիմա է պատասխանել: «Րաֆֆի Հովհաննիսյանը թող իր ընդդիմության գործերով զբաղվի, պաշտոններ հանել, նշանակելու հետ կապ չունի»,- նշեց նա: Ի դեպ, Սուրեն Խաչատրյանը վիրահատվել է, այժմ ապաքինման փուլում է: Ի պատասխան մեր հարցի, թե պատրա՞ստ եք ձեր պաշտոնից հրաժարվել, նա «ցիտեց» պապիկին' ասելով, թե «եթե կաչաղակի ցանկությունով լինի, ամեն օր ձյուն կգա»:

Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանն էլ նշեց, որ չի ցանկանում պատասխանել այդ հարցերին եւ իրեն դիմենք միայն իրենց մարզի հետ կապված հարցերով:

Րաֆֆի Հովհաննիսյանի նամակ-առաջարկի մասին հարցը բարկացրեց Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին: Վերջինս, չցանկանալով պատասխանել հարցին, նշեց, թե «անորոշ հարցեր մի տվեք»: «Ես շատ գիտեմ' ով ինչ նամակ է գրել, ինչի է գրել, ով ոնց կպատասխանի: Զանգում եք մարզպետին, գործից կտրում եք, մարդիկ հազար ու մի խնդիր ունեն, գործ ունեն, ուրիշ բան, եթե ունեք ինչ-որ ծրագիր, կգաք, կներկայանաք, մարզում ինչ աշխատանքներ են կատարվել, սիրով, նստենք, քննարկենք, լսենք, պատասխանենք ձեզ: Անորոշ հարցեր եք տալիս, բա ի՞նչ պետք է պատասխանի մարզպետը»,- ասաց Սարգիս Սահակյանը:

Հարցին, թե կգնա՞ք զոհողության եւ կթողնե՞ք ձեր պաշտոնը' այդպիսով ելք առաջարկելով ստեղծված իրավիճակից, նա պատասխանեց, որ գրավոր ուղարկենք հարցերը, կպատասխանի, քանի որ ինքը չգիտի, թե ով է իր հետ խոսում: Դիտարկմանը, թե սկզբից ներկայացել ենք եւ ինքը կարող է զանգել խմբագրություն ու ճշտել, նա հակադարձեց, թե դրա համար ժամանակ չունի:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 22-ին, Ազատության հրապարակում հրապարակել է իր վերջնական նամակ-առաջարկը Սերժ Սարգսյանին, որտեղ համաձայնել է ընդունել Սերժ Սարգսյանի նախագահությունը, փոխարենն արտահերթ խորհրդարանական ընտրություններ եւ 8 պաշտոն է պահանջել: