Ստամբուլի Թուզլա թաղամասում գտնվող և «Քամփ Արմեն» անունով հայտնի հայկական որբանոցի վրա սեպտեմբերի 7-ի գիշերն անհայտ անձինք հարձակում են գործել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սա հայկական որբանոցի վրա իրականացված երկրորդ նման հարձակումն է:
«Քամփ Արմեն»-ի տարածքում ամիսներ շարունակ մշտական հերթապահություն հաստատած «Նոր Զարթոնք» շարժման ներկայացուցիչները հայտնել են, որ 6 անձինք մահակները ձեռքներին փորձել են մտնել ճամբարի տարածք' փորձելով բացել կողպված դուռը:
Հերթապահող անձինք նկատել են հարձակումը և ցրել այն, սակայն «Նոր Զարթոնք»-ից տեղեկացնում են, որ վտանգը դեռ պահպանվում է:
«Քամփ Արմեն»-ի վրա նմանատիպ հարձակում ազգայնականների կողմից առաջին անգամ տեղի էր ունեցել օգոստոսի 13-ի գիշերը: Անհայտ անձինք երկու մեքենաներով եկել էին որբանոցի տարածք և «Քամփ Արմեն»-ում հերթապահող երկու անձի ծեծի էին ենթարկել:
Գեդիքփաշայի հայկական որբանոցին կից «Քամփ Արմեն» ամառային որբանոցը կառուցվել է հայ որբերի աշխատանքով: Ճամբարում բնակվող երեխաները մասնակցել են շինարարական աշխատանքներին: Նրանք ավազ են կրել ծովից, որով էլ կառուցվել է այն: «Քամփ Արմեն» որբանոցը թուրքական պետության որոշումով փակվել է 1983 թվականին: Իշխանությունները երբեք թույլ չեն տվել որբանոցի վերանորոգում, ինչի պատճառով այն անմխիթար վիճակում է: Թուրքիայում 2011թվականին օրենք է ընդունվել ազգային փոքրամասնություններին պատկանող հիմնադրամների' 79 տարի բռնագրավված անշարժ գույքը վերադաձնելու մասին, սակայն, Գեդիքփաշայի հայկական որբանոցին կից այդ ամառային ճամբար-մանկատունը չի ընդգրկվել օրենքով վերադարձման ենթակա գույքի ցուցակում:
Ստամբուլում մայիսի 6-ին բուլդոզերները և հատուկ մեքենաները սկսել են քանդել հայ որբերի «Քամփ Արմեն» ամառային որբանոցը: Դրա դեմն առնելու նպատակով Թուրքիայում գործունեություն ծավալող մի շարք կազմակերպություններ և պարզապես անհատներ շտապել են այնտեղ' կասեցնելու որբանոցի շենքի կործանումը: Ներկայում որբանոցի շենքի քանդումը մասամբ դադարեցված է: Շինության վրա տարբեր պաստառներ են փակցված և գրություններ են արված: «Քամփ Արմեն»-ի տարածքում մշտական մարդկային հերթապահություն է: