Թուրքական հայտնի «Հուրիեթ» պարբերականի Ստամբուլի և Անկարայի խմբագրությունների վրա կրկին հարձակում է իրականացվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ստամբուլում սեպտեմբերի 8-ի երեկոյան բազմամարդ մի խումբ' Թուրքիայի դրոշները ձեռնքներին, հավաքվել է խմբագրատան շենքի նախամուտքի դիմաց: Անվտանգության աշխատակիցները չեն կարողացել կանխել հավաքվածների մուտքը դեպի շենքի բակ, ապա դեպի շենքի մուտքը:

 

Ցուցարարները կրկին մահակներով և քարերով մեծ վնաս են հասցրել շենքին, հավաքվածներին հնարավոր է եղել շենքից դուրս հանել միայն ոստիկանության ավելի մեծ թվով ջոկատների ժամանումից հետո: Այդուհանդերձ, նրանք դեռ չեն շտապել հեռանալ և շենքի դիմաց տևական ժամանակ տարբեր կոչեր են հնչեցրել: Տարօրինակ է, բայց ոստիկանությունը որևէ մեկին չի ձերբակալել: Ցուցարարների' «Հուրիեթ»-ի շենքին մոտանելու ժամանակ լսվել է 4 կրակոց, սակայն դեռևս չի պարզվել, թե ում կողմից են դրանք արձակվել:

 

Հարձակումն իրականացրած առաջին խմբի հեռանալուց մեկ ժամ հետո խմբագրատան մոտ է եկել մեկ այլ խումբ, որը ևս միառժամանակ կոչեր է հնչեցրել, ապա հեռացել:

 

«Հուրիեթ»-ի' Ստամբուլի խմբագրատնից բացի, հարձակում է կազմակերպվել նաև Անկարայի գրասենյակի վրա: Այստեղ ևս հավաքվածները քարեր են նետել շենքի ուղղությամբ, ինչի հետևանքով կոտրվել են շենքի ապակիներն ու տեսախցիկները: Ավելի ուշ հավաքվածները ցրվել են:

 

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) համակիրները սեպտեմբերի 6-ին առաջին հարձակումն էին գործել երկրում հայտնի «Հուրիեթ» պարբերականի խմբագրության վրա: Հարձակման պատճառը հեռուստատեսային հաղորդումներից մեկի ժամանակ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած մեկնաբանությունների հրապարակումն է «Հուրիեթ»-ում, ինչը, ԱԶԿ-ի կողմնակիցների կարծիքով, ներկայացվել է խեղաթյուրված ձևով: Իշխող կուսակցության ներկայացուցիչներից բաղկացած 200 հոգանոց խումբը հարձակվել է պարբերականի գլխավոր խմբագրատան վրա: Սեպտեմբերի 6-ի գիշերը, Թուրքիայի ժամանակով 23:15-ին, բողոքարարները, կոտրելով արգելապատնեշը, փորձել են մտնել շենք: Անվտանգության աշխատակիցները մեծ դժվարությամբ և ուժի կիրառմամբ կարողացել են թույլ չտալ նրանց մուտքը շինություն: Այդուհանդերձ, ցուցարարները կոտրել են շենքի մուտքի ապակիներն ու դռները, անվտանգության աշխատակիցների վրա քարեր են նետել: