Հայտնի թուրք լրագրող, թուրքական «Հուրիեթ» պարբերականի լրագրող Ահմեդ Հաքանի վրա սեփական տան դիմաց հարձակում է իրականացվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, չորս անձանց կողմից հարձակման ենթարկված Հաքանը տեղափոխվել է հիվանդանոց կողերի և քթի կոտրվածքներով: Նշվում է, որ կա վիրահատության անհրաժեշտություն: Ոստիկանությունը կարողացել է ձերբակալել հարձակումն իրականացրած 4 անձի: Հաքանն ավելի ուշ հաղորդագրություն է հրապարակել, որում նշվում է. «Շարունակելու ենք գնալ այն ուղով, որը ճիշտ է»:
Լրագրողի վրա իրականացված հարձակումը բազմաթիվ քննադատությունների առիթ է դարձել: Կատարվածը քննադատել է նաև «Հուրիեթ»-ի գլխավոր խմբագիր Սեդաթ Էրգինը, ով կատարվածը կազմակերպված, ծրագրավորված հարձակում է անվանել:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) համակիրները սեպտեմբերի 6-ին առաջին հարձակումն էին գործել երկրում հայտնի «Հուրիեթ» պարբերականի խմբագրության վրա: Հարձակման պատճառը հեռուստատեսային հաղորդումներից մեկի ժամանակ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած մեկնաբանությունների հրապարակումն է «Հուրիեթ»-ում, ինչը, ԱԶԿ-ի կողմնակիցների կարծիքով, ներկայացվել է խեղաթյուրված ձևով: Ցուցարարները կոտրել էին շենքի մուտքի ապակիներն ու դռները, անվտանգության աշխատակիցների վրա քարեր էին նետել:
Երկրորդ հարձակումն իրականացվել էր սեպտեմբերի 8-ի երեկոյան պարբերականի Ստամբուլի և Անկարայի խմբագրությունների վրա: Ցուցարարները կրկին մահակներով և քարերով մեծ վնաս են հասցրել շենքին, հավաքվածներին հնարավոր է եղել շենքից դուրս հանել միայն ոստիկանության ավելի մեծ թվով ջոկատների ժամանումից հետո: Ոստիկանությունը գործողությունների ժամանակ ձերբակալություններ չի իրականացրել: