Ադրբեջանում հունվարի 29-ի առավոտյան կրկին հաքերային հարձակման է ենթարկվել  և ջնջվել ընդդիմադիր Meydan TV-ի ֆեյսբուքյան էջը:

Այս մասին հայտնում է ադրբեջանական Meydan TV-ն:

 

Հարձակման հետևանքով ավելի քան մեկ ժամ արգելափակված են մնացել Meydan TV -ի ադրբեջաներեն, ռուսերեն և անգլերեն ֆեյսբուքյան էջերը:

Հունվարի սկզբից Meydan TV-ի աշխատակիցների անձնական էջերն ու էլեկտրոնային փոստի հասցեները ենթարկվում են հաքերային հարձակումների: Լրատվամիջոցի փոխանցմամբ` այս ամենը համակարգված գործողություն է Meydan TV-ի դեմ:

Միջազգային փորձագետների և կազմակերպությունների կարծիքով, կայքերի արգելափակման պատճառը Ադրբեջանի իշխանությունների պատվերով կատարված կիբեռ-հարձակումներն են:
 
Amnesty International մարդու իրավունքների կազմակերպությունը և VirtualRoad.org կայքը գրել էին, որ ընդդիմադիր կայքերի վրա կատարված կիբեռ-հարձակումները կատարվել են նույն IP հասցեից:
 
VirtualRoad.org կայքի փոխանցմամբ՝ Ադրբեջանական ընդդիմադիր կայքերը յուրաքանչյուր 15 րոպեն մեկ դիտարկվում և ստուգվում են Ադրբեջանի կառավարության համար աշխատող հատուկ կիբեռ-խմբերի կողմից, իսկ Amnesty International-ը ընդգծել էր, որ այդ խմբերը վիրուսային ծրագրեր են տարածում հայտնի ընդդիմադիր ակտիվիստների, լրագրողների և իրավապաշտպանների կայքերում: