ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագիծը գործող օրենսգրքի մի շարք հիմնարար դրույթներում փոփոխություններ կատարելու հետ մեկտեղ ուղղված կլինի նաև պատժի համակարգի կատարելագործմանը' հատկապես անչափահասների քրեական պատասխանատվության ենթարկելու դեպքում:

 

Ներկա պահին ամբողջ աշխարհում նկատվող միտումներից մեկն է ազատազրկմանն ու քրեական պատժին այլընտրանք հանդիսացող միջոցների ներդրումն ու կիրառումը: Հայտնի փաստ է, որ ոչ միշտ է ազատազրկումը նպաստում հանցանք կատարած անձի ուղղմանը և նրա վերասոցիալականացմանը: Այլընտրանքային միջոցների կիրառումը' տնային կալանք, ազատության սահմանափակում, հանրային իրավունքներից զրկում, ծնողական իրավունքներից զրկում, օտարերկրյա քաղաքացուն ՀՀ տարածքից վտարում (ՀՀ-ում արդեն ընթացքի մեջ է պրոբացիոն ծառայության պիլոտային ծրագիրը), թույլ են տալիս ապահովելու վերը նշված նպատակները' հասարակական հարաբերությունները զերծ պահելով ավելորդ քրեականացումից:

 

Անչափահասների քրեական պատասխանատվության և պատժի հարցերին անհրաժեշտ է առանձնահատուկ ուշադրություն դարձնել: Ըստ առաջնահերթության' այս կատեգորիայի անձանց նկատմամբ քրեաիրավական ներգործության հիմնական տեսակները պետք է համարել դաստիրակչական բնույթի հարկադրանքի միջոցները, պայմանական դատապարտումը և պատիժը: Պատժի միջոցի ընտրության հիմքում նախևառաջ պետք է դրվեն անչափահաս հանցագործի անձը բնութագրող բարոյահոգեբանական, ֆիզիոլոգիական, սոցիալ-դերային առանձնահատկությունները, այլ ոչ թե օբյեկտիվ հանգամանքները, այդ է' հանցագործության տեսակÕ ¨, պատճառված վնասի չափը և այլն:

 

ՀՀ քրեական նոր օրենսգրքի հայեցակարգով առաջարկվում է վերանայել անչափահասների նկատմամբ կիրառվող դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցների քրեական գործող օրենսգրքով նախատեսված ցանկը' այն ընդլայնելու և ավելի հստակեցնելու համար:

 

«ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծով նախատեսվում է սահմանափակել հանցանք կատարած անչափահասների նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելու հնարավորությունները. Հայեցակարգով առաջարկվում է առաջին անգամ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած անչափահասի նկատմամբ, անկախ տարիքից, որոշակի ժամկետով ազատազրկում չնշանակել: Անչափահասի ազատազրկումը պետք է դիտարկվի որպես պատժի ծայրահեղ միջոց, երբ ակնհայտ է, որ ոչ մի այլ պատժի միջոց չի կարող դրական արդյունք տալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշված է ՀՀ քրեական նոր օրենսգրքի հայեցակարգում:

 

Մի շարք արտասահմանյան երկրների քրեական օրենսդրության վելուծությունը ցույց է տալիս, որ 18-21 տարեկան երիտասարդները կազմում են ոչ պակաս կարևոր նշանակություն ունեցող սոցիալական խումբ, քան անչափահասները. առաջարկվում է ՀՀ քրեական մոր օրենսգրքի հայեցակարգով 18-21 տարեկան երիտասարդների քրեական պատասխանատվության ու պատժի առանձնահատկությունները կարգավորել առանձին գլխով:

 

ՀՀ կառավարությունը 2015 թվականի հունիսի 4-ին հավանություն տվեց ՀՀ քրեական նոր օրենսգրքի հայեցակարգին: Նոր հայեցակարգով կբարձրանա մարդու իրավունքների քրեաիրավական պաշտպանվածության մակարդակը, կբացառվեն հանցագործությունների որակման կանոնների սահմանման և հանցակազմերի հստակ ձևակերպման միջոցով քրեաիրավական նորմերի սխալ կիրառումը, դատական սխալները, կբարձրանա պատժի նշանակման կանոնների սահմանմամբ' պատժի արդյունավետության մակարդակը:

 

Միաժամանակ, այլընտրանքային պատժատեսակների ցանկի ընդլայնմամբ' ազատությունից զրկելու հետ կապված պատժատեսակների նշանակման ծավալներն էականորեն կնվազեն, կկատարելագործվեն քրեական պատասխանատվությունից ու պատժից ազատելու ինստիտուտները, կստեղծվեն հանցանք կատարած անձի ուղղման և վերասոցիալականացման նպատակի իրագործման արդյունավետության նախադրյալներ:

 

Բացի այդ, հայեցակարգը կնպաստի նաև քրեական օրենսդրության ոլորտում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման ապահովմանը: