Ազգային ժողովում Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հետևյալ հարցն ուղղեց ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հարցերով փորձագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին:
«Կոնգրեսը և «Ոչ»-ի ճակատը ներկայացնում է այսպիսի մի տարբերակ, որ սա հնարավորություն է տալիս Սերժ Սարգսյանին շարունակելու իր իշխանությունը: Գործող Սահմանդրության պայմաներում երրորդ անգամ Սերժ Սարգսյանի՝ նախագահ լինելու հնարավորությունը սահմանափակված է: Փոփոխությունների դեպքում կա՞ հնարավորություն, որ Սերժ Սերգսյանը լինում է երկրի թիվ մեկ ղեկավարը»:
Ի պատասխան՝ Վարդան Պողոսյանը նշեց, որ ինքը չի կարող տեսականորեն պատասխանել այդ հարցին, քանի որ «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը չի գրվում որևէ անձի կամ քաղաքական ուժի համար»:
«Որպեսզի փարատվեն նման կասկածները Հանրապետության նախագահը սահմանադրական հանձնաժողովի ձևավորումից հետո սահմանադրական հանձնաժողովի հետ առաջին հանդիպման ժամանակ ասաց, որ ինքը բացառում է պառլամենտական համակարգին անցնելու պարագայում իր դերակատարումը որպես վարչապետ և նախագահ: Այնուհետև նա պաշտոնապես հայտարարել է, որ այդ համակարգին անցնելու պարագայում ինքը բացառում է ԱԺ նախագահ ընտրվելու իր հնարավորությունը»,- նշեց Պողոսյանը:
Արամ Մանուկյանն՝ արձագանքելով նկատեց, որ Սերժ Սարգսյանը մեկ ամիս առաջ պաշտոնական հայտարարություն էր արել էլեկտրաէներգիայի սուբսիդավորման հետ կապված. «Ամբողջ հանրապետությունը սպասում էր աուդիտի արդյունքներին, քանի որ թիվ մեկ դեմքը հայտարարել էր սուբսիդավորման մասին: Չէր անցել մի ամիս, Սերժ Սարգսյանն ինքը հերքեց իր ասածը: Այսինքն՝ էդ «հորս արև»-ը չի աշխատում, ես չեմ հավատում իր խոսքին»:
Մանրամասն՝ տեսանյութում