Տաջիկստանի ուժայինները սպանել են ապստամբ գեներալ Աբդուհալիմ Նազարզոդային, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նազարզոդայի հետ միասին սպանվել են նրա մի քանի ուղեկիցներ:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ ապստամբ գեներալը թաքնվել է կիրճերից մեկում, որտեղ ուժայինները գործողություն էին իրականացնում նրա աջակիցների դեմ:
Գործողության ընթացքում մահացել է Նազարզոդայի խմբի ավելի քան 20 մարտիկ, 100-ից ավելին ձերբակալվել են: Ուժայինների կողմից մարտերում մահացել է «Ալֆա» խմբի հրամանատար Ռուստամ Ամակիևը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Տաջիկստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել երկրի պաշտպանության նախարարի նախկին տեղակալ գեներալ-մայոր Աբդուհալիմ Նազարզոդայի և պաշտպանության նախարարության գնդապետ Ջունայդուլո Ումարովի դեմ' Քրեական օրենսգրքի չորս հոդվածներով:
Քննչական մարմինների տվյալներով' Ումարովը և Նազարզոդան սեպտեմբերի 4-ի առավոտյան Դուշանբեում և Վահդատում զինված հարձակումների կազմակերպիչներն են: