Կահիրեում նոյեմբերի 28-ին զինված հարձակման հետևանքով եգիպտական բանակի գեներալ է զոհվել, ում անունը չի նշվում, ևս 2 զինվորներ վիրավորվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, գեներալի մեքենայի ուղղությամբ զինյալները կրակ են բացել Ջիսր աս Սուեզ շրջանում: Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց: Այժմ աշխատանքներ են տարվում կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Զինյալներին հաջողվել է փախուստի դիմել:
Նոյեմբերի 28-ին եգիպտացի ավելի քան 25 հազար զինծառայողներ պատրաստ են ապահովել երկրի անվտանգությունը հանրահավաքների ժամանակ, որոնք կանցկացնեն իսլամիստները: Անհրաժեշտության դեպքում բանակը կարող է զենք կիրառել անկարգության մասնակիցների դեմ:
Նախատեսվում է, որ «Մուսուլման եղբայրները» ուրբաթօրյա աղոթքից հետո դուրս կգան փողոցներ իրենց դժգոհությունն արտահայտելու երկրի իշխանությունների դեմ: Նրանց հիմնական պահանջն է պահպանել շարիաթի սկզբունքները և Մուհամմադ Մուրսիին իշխանության վերադարձնել:
Մուհամմադ Մուրսիի իշխանությունը տապալվել է 2013թ. հունիսին: Մինչև այժմ նրա կողմնակիցները փորձում են երկրում վերականգնել «օրինականությունը»: