Հայաստան տեղափոխված սիրիահայ դպրոցականների հիմնական խնդիրը արևելահայերենի և ռուսերենի չիմացությունն է: Այս մասին սեպտեմբերի 19-ին Սփյուռքի նախարարությունում, Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին նշեց «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության ծրագրերի պատասխանատու Սիրանուշ Վարդանյանը:

 

«ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի ֆինանսավորմամբ Երևանի երկու դպրոցներում մենք իրականացնում ենք հայերենի և ռուսերենի երկարօրյա դասընթացներ: Եվ խրախուսում ենք այլ դպրոցներից երեխաներին ևս միանալ դասընթացներին», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց Սիրանուշ Վարդանյանը:

 

Նա մանրամասնեց, որ նշված դասընթացներն անցկացնում են Երևանի թիվ 71 և թիվ 113 դպրոցներում: Խոսելով կրթական խնդիրների մասին' «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության ծրագրերի պատասխանատուն նկատեց, որ կարևոր է նաև օգնել Սիրիայից տեղափոխված փոքրիկներին պատրաստվել դպրոց հաճախելուն:

 

«Ծրագրի շրջանակներում ստեղծվել են երկու դպրոցահեն և երկու մանկապարտեզի շրջանակներում նախակրթարաններ: Այստեղ մանկապարտեզ այցելության խնդիր ունեցող սիրիահայ երեխաներին սիրով ընդունում են՝ օգնելով պատրաստվել դպրոց ընդունվելուն»,- հայտնեց Սիրանուշ Վարդանյանը: