Որպես Մինսկի խմբի համանախագահ, Ֆրանսիան վճռականորեն կշարունակի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված իր միջնորդական ջանքերը՝ հուսալով, որ 2014 թվականի հոկտեմբերին Փարիզում կայացած գագաթնաժողովի առաջխաղացումները կնպաստեն հարցի շուտափույթ լուծմանը: Այս մասին հավաստիացրել է Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդը ՀՀ Անկախության տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին հղված շնորհավորական ուղերձում: «Համակված հայ ժողովրդի հետ ունեցած առանձնահատուկ կապերով, Ֆրանսիան կշարունակի իր բարեկամությունը, համերաշխությունը և օժանդակությունն ի սպաս բերել Հայաստանին»,-ընդգծել է Օլանդը:
Ֆրանսիայի նախագահը երջանիկ է, որ ապրիլի 24-ին Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի հիշատակման առիթով Երևանում էր՝ հայ ժողովրդի հետ միասին: «Խոհականության և միասնության մթնոլորտով պարուրված ոգեկոչման այդ հուզիչ արարողությունը ցույց տվեց լավագույն ապագա կերտելու Հայաստանի կամքը՝ առանց մոռացության մատնելու պատմական ողբերգությունները»,-նշել է Ֆրանսիայի Նախագահը:
Սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը տոնում է Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձը: