ՌԴ-ի նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի գործունեությունը դրական է գնահատում Ռուսաստանի քաղաքացիների 84 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել են «Լևադա կենտրոնում»՝ ամփոփելով սեպտեմբերյան ուսումնասիրության արդյունքները:

 

 

Այժմ նախագահի աշխատանքից դժգոհ է հարցման մասնակիցների 15 տոկոսը, ինչը համապատասխանում է հունվարի ցուցանիշին, և երկու տոկոսային կետով ցածր է, քան օգոստոսին (17 տոկոս):

 

 

Անցած ամսին նախագահի պաշտոնում Պուտինի աշխատանքին հավանություն էր տալիս հարցվածների 83 տոկոսը, հունիսին՝ 89 տոկոսը, հունվարին՝ 85 տոկոսը:

 

 

Ռուսաստանի կառավարության ղեկավարի պաշտոնում Դմիտրի Մեդվեդևի գործունեությանը հավանություն է տալիս հարցախույզի մասնակիցների 65 տոկոսը, հավանություն չի տալիս 33 տոկոսը:

 

 

Կառավարության աշխատանքից գոհ է հարցվածների 60 տոկոսը, դժգոհ է 39 տոկոսը: Պետդումայի գործունեությանը հավանություն է տալիս մասնակիցների 52 տոկոսը, հավանություն չի տալիս 46 տոկոսը:

 

 

Բացի այդ, հետազոտությունն անցկացնելու ընթացքում հարցման մասնակիցներին առաջարկել են նշել հինգ-վեց քաղաքական, հասարակական գործիչների, որոնց նրանք ավելի շատ են վստահում:

 

 

Առաջին տեղում Վլադիմիր Պուտինն է. նրան վստահում է հարցվածների 59 տոկոսը, երկրորդ տեղն զբաղեցրել է ՌԴ-ի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն (25 տոկոս): Երրորդ դիրքում Դմիտրի Մեդվեդևն է (25 տոկոս), ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը չորրորդ հորիզոնականում է (17 տոկոս):

 

 

Հարցվածների 55 տոկոսը, ինչպես և օգոստոսին, համակարծիք է, որ ընդհանուր առմամբ այժմ երկրում գործերը ճիշտ ուղղությամբ են ընթանում: Հակառակ տեսակետն ունի 26 տոկոսը. նրանք կարծում են, որ երկիրը շարժվում է ոչ ճիշտ ուղիով, դժվարացել է պատասխանել մասնակիցների 19 տոկոսը:

 

 

Հարցումը սեպտեմբերի 18-21-ին անցկացվել Է ՌԴ-ի 46 տարածաշրջանների 134 բնակավայրերի 1600 մարդկանց շրջանում: Այս հետազոտությունների տվյալների վիճակագրական սխալանքը չի գերազանցում 3,4 տոկոսը: